Միասնության ուժը
(Հեքիաթ)
Սակավ է լինում, երբ բնության բոլոր տարրերը հավաքվում են մի տեղ: Բայց քանի որ Հայաստանը հրաշքների երկիր է, ապա և այդպե՛ս պատահեց մի օր:
Վիթխարի ստվերներով սոսափված հովտում հանդիպեցին Հայոց Լեռը, Ջուրը, Անտառն ու Դաշտավայրը: Ըստ հայկական հյուրընկալության պատշաճ կարգի ընդունեցին միմյանց զվարթ ու անհոգ՝հյուրասիրություն, տոնախմբություն, զվարճություն, մինչև որ բանը չհասավ վեճին…
Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ գովասանքի շանթաշռինդ խոսքեր լսելուց հետո ջուրն հանկարծ քչքչաց.
-Հայոց Ջուրը՝ զերթ մեռոն, սպեղանի է բոլոր նրանց համար, ովքեր կհամտեսեն այն: Իմ մասին բազու՜մ գուսաններ են երգել, բանաստեղծները տաղեր են ձոնել: Իմ համբավը տարածված է ողջ աշխարհով: Ես եմ ջրում անտառներն ու դաշտավայրերը, իմ մոգական ուժով են աճում կաղնիներն ու ուռիները, ինչպես նաև վաղու՜ց արդեն հայկական խորհրդանիշ դարձած նաիրյան դալա՜ր բարդին: Առանց ինձ դուք կորած եք: Ուզեք թե չուզեք՝պիտի ընդունեք իմ գերակայությունը:
-Մի րոպե, մի րոպե…Թույլ տուր չհամաձայնել քեզ հետ, սիրելի՛ քույրիկս,- բորբոքվեց Անտառը,-դու ինքդ էլ լավ գիտես, որ կարևորագույն գործոնները երկուսն են՝ օդը և ջուրը: Իսկ ի՞նչն է ծնում մաքուր օդ…Ծ-ա՜-ռ-ը…Իսկ որտե՞ղ են ծնվում ու բազմանում նրանք՝ իմ ս-ր-տ-ո՜ւ-մ…Ես եմ պահում, փայփայում այն մատղաշ շիվերը, որոնք հետագայում թթվածնածին հսկաներ են դառնում:Այնպես որ՝ մեր կարևորությունը հավասարազոր է: Թող մտածեն մնացյալ մանր-մունր լրացումները,-ասաց Անտառը, հեգնական ժպիտով նայեց շուրջն ու թևերը թափահարելով՝ մի կողմ քաշվեց:
-Այդ ու՞մ ես այդպես անվանում, անտառ քույրիկ,չլինի՞ ինձ նկատի ունես,-միջամտեց զմրուխտյա շքեղ հագուստով հեզահայա՜ց Դաշտավայրը:-Ես, իհարկե, չեմ ասում, որ օդն ու ջուրը անհրաժեշտ չեն, բայց դուք էլ պիտի ընդունեք, որ Հայոց Բնաշխարհը թերի կլինի առանց հայ գեղջուկի արդար բազկի, որ վարում է, ցանում, բերք է ստանում, հաց է թխում, շուկա գնում, տալիս-առնում՝ այսպիսով ընտանիք պահում: Իսկ որտե՞ղ է կազմակերպվում այս ամենը՝իմ գ-ր-կ-ու-մ…Հայ գյուղացու համար հարազատ մի վայրում, ուր ամեն ինչ կա նրա բարօրության համար: Առանց հողի էլ ու՞մ է պետք ծառը, որից պիտի թթվածին ծնվի, կամ ջուրը: Ի՞նչ պիտի ջրի: Չլինի՞ թե ինքն իրեն: Հա՜-հա՜-հա՜…Ասա տեսնեմ՝նույնիսկ ամենազորեղ օվկիանոսի մակերեսին մի խեղճ ու կրակ ծառ անգամ կաճի՞…Չի՛ աճի: Դուք ստիպված եք ինձ էլ ընդգրկել ձեր առաջատար շարքերը:-խոսքն ավարտեց Դաշտավայրը: Ինքն իր ելույթից գոհ հայացք ձգեց շուրջն ու խո՜րը շունչ քաշեց՝ասես մի ծանր բեռ էր թոթափել իր ուսերից:
Մինչ քչփչում ու ծիծաղում էին այս երեքը, լեռը, որ մինչ այդ լու՜ռ լսում էր յուրաքանչյուրի հռետորական խոսքը, թափ տվեց ինքն իրեն՝ այնպես, մի թեթև:
Դեռ չէր բարձրացրել ձեռքը՝ դղրդաց Հողը, Անտառը սարսափահար եղավ, Ջուրը կարկամեց: Հառաչեց Լեռը: Հոգնել էր այդ աննպատակ վիճաբանությունից: Երբ բոլորն ուշքի եկան, լեռը սկսեց իր համարձակ խոսքը.
-Եվ չե՞ք ամաչում դուք: Թվում է՝ ես պիտի ասեմ այդ ամպագորգոռ ճառերը, հստակ իմանալով, որ Հայաստանը լեռների երկիր է, որ հայի սիրտը միշտ եղել է, կա ու կլինի Հայոց լեռներում: Բանաստեղծական տաղերից եք խոսում: Իսկ մի՞թե քիչ են գովերգել Հայոց Լեռները: Հապա անո՞ւնը…Ինչպե՞ս է կոչվում երկիրն այս, գիտե՞ք…Գուցե Անտառի երկիր Հայաստա՞ն, կամ Ջրերի երկիր Հայաստա՞ն…Դու, Դաշտավա՛յր, որ քեզ համարում ես հայ մարդու տունն ու հացը, մի՞թե չգիտես, որ եթե բոլոր կողմերից իմ նախնիները քեզ պատսպարած չլինեին, բերքդ հիմա քամուն էիր տվել, ու գյուղացին էլ քաղցած էր մնացել:
Հիմա հասկանու՞մ եք՝ ումն է գերակայությունը: Բայց ես ինձ ձեզանից բոլորովին էլ չեմ զատում: Ասածս այն է, որ եթե սիրում եք Հայաստանը, մասնատվելս ո՞րն է: Մի՞թե դուք չեք դիտարկում նրան որպես կենդանի, շնչող էակ: Մարմնի մեջ ձե՞ռքն է ավելի կարևոր, թե՞ ոտքը, աչքը թե՞ ականջը: Հնարավո՞ր է արդյոք մեկը փոխարինել մյուսով: Ես սիրտն եմ Հայոց Բնաշխարհի, բայց առանց ձեզ ես ոչինչ եմ:
Տիրեց լռություն: Ապա Ջուրը բարձրացրեց իր քչքչան գլուխը, այս ու այն կողմ նայեց իր ջրապարուր աչքերով ու ամոթահար խոսեց.
-Հասկացա քեզ, Լե՛ռ եղբայր: Դու ես սիրտը Իմ Հայաստանի, բայց ես էլ հայի արցունքն ու քրտինքն եմ:
Այստեղ խոսակցությանը միացավ անտառը.
-Ես էլ թոքերն եմ ու շնչառությունը:
Դաշտավայրը նույնպես երկար սպասեցնել չտվեց.
-Ես էլ ձեռքերն եմ՝ բանող ու արարող:
Ուրեմն՝ մենք միասին ենք Հայոց Բնաշխարհը: Մեր զորությունը մեր միասնության մեջ է, մեկ ամբողջ լինելու մեջ: Պառակտված ամբողջ լինել չի կարող: Մենք զորեղ ենք միասին: Հասկացան, համալրվեցին և այլևս երբեք չլսվեց<< ես>> բառը: Ամենուրեք հնչում էր՝Մե՜նք…Մե՜նք…Մե՜նք: Եղած ես-ն էլ իր մեջ մենք-ն էր ամբողջացնում:
Ն. Ավագյան
2013թ