Կարինե, իմ դստրի՜կ…
Երբ հետադարձ հայացք եմ գցում անցյալին, զարմանքից քարանում է հոգիս: Չգիտեմ՝ինչպես գլորվեցին այս երկա՜ր ու ձիգ տասնինը տարիները: Ասես մի շնչով անցած լինեն, սակայն երբ խորհում եմ նրանց մասին, հասկանում եմ, թե ինչպիսի՜ բերկրանք են թողել նրանք իմ հոգում, ինչպիսի հետագիծ ունի այն գնացքը, որով շարժվել ենք կյանքին ընդառաջ: Այդ ինչպե՞ս պատահեց, որ այն չքնաղ էակը, ում ծնունդով ինձ բախտ վիճակվեց զգալ մայր լինելու քաղցր բերկրանքը, երեկ դեռ իր հայրիկի ու մայրիկի համար մի փոքրիկ բալա էր, իսկ այսօր այսքա՜ն նրբահյուս արտաքինով, բանիմաց օրիորդ:
Սիրելիդ իմ, մի քանի՜ քայլի վրա ես թողել մանկությունդ: Այն կամկար շարժումներով հեռանում է քեզնից, փորձելով չստվերել անքույթ օրերիդ արևոտ ուղին: Երեկ քեզ ունենալով որպես հետաքրքրասեր ու ժրաջան մանուկ, այսօր աչքիս առաջ տեսնում եմ բարությամբ, խելամտությամբ ու մարդասիրությամբ լցված քնքուշ մի էակ, ով իր փոքրիկ գլխում արդեն հասցրել է հիմնել մտքի՝բոլորովին մի նոր դպրոց, նոր մտածելակերպ, նոր հայացք, ով իր մեջ ունի պաշարած չվատնված զգացմունքների մի ամբո՜ղջ պաշար:
Իմ զուլա՜լ աղջիկ…
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս քո Ծննդյան տարեդարձին կրկին խորհում եմ քո չիրականացված, բայց այնքա՜ն ցանկալի երազանքի մասին: Հավատա՝ ամենափոքր հնարավորության դեպքում ես ամեն ինչ կանեի այն կյանքի կոչելու համար: Սակայն արդեն բավականին մեծ ես գիտակցելու, որ ես ընդամենը մայր եմ, ես Աստված չեմ, իմ բալիկ,և դու կյանքում երբե՜ք փիղ չես դառնա: Ես քեզ լույս աշխարհ եմ բերել այնպիսին, ինչպիսին դու կաս այսօր: Համակերպվել է հարկավոր այդ իրողության հետ: Բայց մի բանում ես վստահ եմ. քո նրբանուրբ մարմինը բարուրում է իր մեջ այդ աժդահա կենդանու ամենաբարի հոգին, նվիրվածությունն ու հավատարմությունը: Այդ մասին քո փայլակնացայտ աչքերն են խոսում:
Ո՜վ կմտածեր, որ մեր փոքրիկ Կարինեն այսօր ասելիք ունի աշխարհին և հանդես է գալիս որպես Կառ Նե: Զավակս, մաղթում եմ քեզ բարի՜ երթ մեր ոսկեղենիկ հայերենի սրտատրոփ ուղիներով: Թող գրիչդ միշտ հաշտ ապրի հոգուդ հետ: Թող ինքնահոսիցդ բխող կապույտ թանաքի միջոցով ընթերցողիդ փոխանցվի ներաշխարհիդ գունագեղ ներկապնակը: Սակայն ինչ գույներով էլ որ լցոնված լինի հոգիդ, ես ուզում եմ, որ այնտեղ միշտ գերակշռի ճերմակը:
Սիրելիս, քո առաջին ժողովածուն տպագրվում է որպես քեզ ընծա Ծննդյանդ տասնիներորդ տարեդարձի առթիվ: Ընդունիր այն քո ծնողներից: Թող այն բարի սկիզբ լինի մտքերիդ վարար հոսքին, որոնք խորն են, ինչպես անհատակ ծովն ու բազմաբովանդակ, ինչպես մարդկային զուլալ հոգին:
Քեզ Բարի՜ Տարեդարձ…
Քո մայր՝ Նարինե Ավագյան
01.03.15