Թե արդուկել է հարկավոր, ահա՛ շորը, սիրտ մի՛ հանձնեք տաք արդուկին
Պ. Սևակ
Օրը մռայլ էր, անձրևային: Հսկայական հուրհրացող արևը Վաղու՜ց սուզվել էր խավարի ծովը: Երկնքում վիրավոր ձեռքի պես կախվել էին մեկ-երկու թուխ ամպեր: Նրանք լու՜ռ, բայց ազդու հայացքով ահաբեկում էին այն անցորդներին, որոնք թեթև գարնանային հագուստով դուրս էին եկել փողոց: Գարու՜ն էր ախր: Նրանք անզեն էին.չունեին անձրևանոցներ: Երևի հենց դա էր պատճառը, որ վախվորած հայացքները պարզելով դեպ երկինք ՝հետզհետե արագացնում էին քայլերը: Ոմանք ուղղում էին դրանք դեպի տներն իրենց, իսկ ոմանք էլ՝ մոտակա սրճարաններն ու գարեջրատները:
Նա էլ էր փողոցում՝ անցորդների մեջ: Սակայն չէր շտապում: Ինչու՞: Տենդագին հուզմո՞ւնքն էր պատճառը, թե՞ դեռ մտովի լողում էր վերջին օրերի դառնություններով լցված քաոսում: Իսկ գուցե կյանքի դասերը կոփել էին այնքան, որ պատել էր ինքն իրեն ինքնագոհության սառույցով, և այժմ սրտում միայն արկածախնդրության կրա՞կն էր բոցավառվում: Ինչու՞ էր հառել յուր մեղրագույն աչքերը երկնքին և նազաճեմ քայլերով ասես վայելում էր թողլքված փողոցի սիրառատ հյուրընկալությունը: Այսպես կարելի է նաև մոլորվել պատճառաբանությունների անանց թավուտում: Իսկ իրական պատճառը մեկն էր. նա այլևս ոչնչից չէր վախենում: Այսօ՜ր…
Իսկ երե՞կ… Երեկը թողել էր անցյալում: Դարձել էր խելացնորության աստիճանի համարձակ և դուրս քշել մտքից անգութ երևակայության վարձահրավիրյալ կանչով հայտնված անցյալի պատկերները: Այսօր արդեն բոլորովին կարևոր չէր, թե ինչից էր նա վախենում երեկ…
Նա սարսափում էր…Կորցնելու՜ց… Բայց քանի որ դա արդեն պատահել էր…
Միայն աչքերի անհատակ խորության մեջ դրոշմված ալեբեկ հոգին էր վկայում, որ դեռ փոթորիկ է ներսում: Դեռ ալիքները քրքրում էին մեկ այս, մեկ այն ափը… Մի բան հուսադրական էր: Նա գիտեր, որ ցանկացած փոթորիկ հաջորդվում է խաղաղությամբ: Գալու էր մի պահ, որ այս վիճակից ծանրացած նավերը իրենց տեղը գտնելու էին միայն հիշողության ջրերում:
Թեթև ծաղկավոր շոր ուներ հագին, որն այնքա՜ն ժլատ էր իր փաղաքշանքներում, որ ձեռքն անգամ չէր երկարացնում մերկ ծնկները շոյելու համար: Կարճլիկ մի շոր: Շա՜տ էր սազում: Այնքա՜ն ներդաշնակ էր մաշկի գույնին: Ծաղկավոր զգեստն ու նուրբ իրանը. Նրա ամայացած մայթերին ծուլորեն գծագրվելուց այն կողմ հնարավոր չէր չնկատել տաք մոմաներկով գեղանկարված մարմարը:
Իսկ աչքե՜րը…Նրանց սառնության պատից այն կողմ հեշտությամբ կարելի էր նկատել իր ներսում ձևավորվող պայծառ արշալույսի վարագույրը:
Ձեռքերը…Նիհար ու դողդոջուն, որոնք ցանկապատվում էին նրա երկա՜ր մատներով:Վերջին անգամ հենց նրանք էին իրենց հիշողության մատյանում նկարել խոժոռված դիմագծերն ու անտարբեր շուրթերը: Նրանց վրայով էին դանդա՜ղ սահել ներքև, և, չդիմանալով իրենց նկատմամբ ցուցաբերած անտարբերությանը, լու՜ռ հեռացել հասանելիի սահմաններից:
Քայլում էր փողոցով՝ սառն ու ինքնամոռաց: Ամպերի ամեն ոռնոցի հետ արագանում էին մարդկանց ոտնաձայները, որոնք վարգ էին հիշեցնում: Իսկ նա քայլում էր դանդաղ ու համաչափ: Զգում էր իրեն ո՛չ թե անձրևատարափի մոտալուտ ահով սարսռած փողոցում, այլ ինչ-որ վայրի հողատիրույթում, որտեղ ինքն անձնիշխան էր: Տաք ավազի վրա էր՝ սառա՜ծ ոտքերով: Հոգին էր սառել: Նրանից անջատվող սառը հոսանքն անցել էր մարմնի ամեն մի բջիջով և հասել ոտնաթաթերին: Ցուրտ էր իր ներսում, բայց նա չէր զգում…
Ահա և նա՝անձրևը: Սկզբում մեկ-երկու կաթիլ նստեցին արտևանունքին, ապա ցած գլորվեցին այտերով, պարանոցին, ներքև…
Նրան նույնիսկ մի պահ թվաց, որ աչքերի անհատակ խորքերից էին պոկվում նրանք ու ջրի երես դուրս գալիս: Գուցե լա՞ցն էր խառնվել անձրևին: Գուցե անձրևը հենց լացն էր, որ կա՞ր…Մինչ նա մտորում էր, անձրևը ճամարտակում էր փողոցների և խոնավությունից գորշացած տանիքների հետ այնպիսի արագությամբ, ասես գնացքից էր ուշանում:
Սաստկացա՜վ, սաստկացա՜վ ու փորձանքի պես թափվեց գլխին: Լվաց դեմքի թախիծն ու նկարեց այնտեղ մեկ ուրիշ թախիծ…Այս մեկն անգույն էր…
Շորիկը, որն այնպես գեղեցիկ ընդծում էր հյուծված ու թաց մարմնի նրբագեղությունը, ծարա՜վ էր այն աստիճան, որ ագահաբար իր մեջ էր կլանում անձրևաջուրը: Հինգ րոպե չանցած այնպես էր ծանրացել, որ ինքն իրեն տանել չէր կարողանում: Ստիպված էր խնդրել իրեն կրողի օգնությունը: Վերջինիս ուսերը ճկվել էին նրա հարբա՜ծ բեռան տակ: Իսկ սա այնքան էր խմել, որ լամբ պռոշներից սկսեցին ջրի կաթիլներ թափվել ցած: Չորացած կոկորդն ակնպես էր հագեցել, որ այլևս անզոր էր կում անգամ ներս տալ:
Բազմությունը իրիկնային գորշ երկնքի նվա՜ղ լույսից ու թույլ համբույրից վախեցած՝ վաղու՜ց արդեն պատսպարվել էր : Ոմանք հասցրել էին թացել կոկորդները ոգելից խմիչքով, մյուսները վայելում էին թեյի տաք շունչն ու գգվանքը իրենց շուրթերին: Իսկ նա՞…
Նա չդադարեց քայլել: Խառնափնթոր մտքերը, որ կուտակվել էին գլխում, հանգիստ չէին տալիս: Քթի տակ ինչ-որ մեղեդի էր փնթփնթում: Ուրախ մեղեդի, բայց ձայնի մեջ սպրդող կեղծ նոտաները ակնհայտ էին դարձնում հոգեպարար թախիծն ու մտորումը: Այսօր էր միայն հասկացել, որ սիրված չէր նույն ուժգնությամբ, ինչպես սիրում էր:
Սեփական զգացմունքը համարում էր դարերի փորձությանը ենթարկված վիթխարի ժայռաբեկոր, մինչդեռ նրանը համեմատում էր սառցաբեկորի հետ, որին ո՛չ թե արևի, այլ աստղերի լույսից հյուսված ջերմություննէլ բավական էր անհետ կորչելու համար: Չէր կարողանում դեն նետել իր հոգեկան ու մարմնական մաքրության լուսապսակն ու ապրել բոլորի նման, հենց այնպես՝ ապրելու համար: Նրա համար կյանքը ոչ թե լոկ անցուղի էր, որ տանում էր դեպ հավիտենականություն, այլ լույս էր, որից հնարավորինս հարկավոր էր ջերմանալ: Իսկ ի՞նչ ջերմություն առանց սիրո՝ մաքո՜ւր ու անապակ:
Թխադեմ ամպերն իրենց զայրույթը թափելով քաղաքի գլխին՝ տեղի տվեցին լուսնկա գիշերվան: Ամեն ինչ նույնը դարձավ, բացառությամբ օդի անասելի թարմության, որով լցվել էր նրա ներաշխարհը: Լուսնի ցոլքերը նրա աննկուն դեմքին հետզհետե ընդգծում էին հոգու անկասել ձգտումը դեպի վեհը, դեպի գերբնականը:
Գիշերվա ուրվագիծը հետզհետե փոխվում էր ցայգի աղջամուղջում, իսկ նա շարունակում էր քայլել: Առաջվա պես խաղաղվել էր հոգին: Ինքնամոկանքը չէր լքել նրան: Դեռ ավելին՝ ուժ էր տալիս դիմակայելու դառը ճշմարտությաննու հորդ անձրևին: Ոտքերի տակ թաց գետնի փոխարեն հիմա զգում էր արևը ներծծած տաք սալաքարերի հաճելի ջերմություն, որն էլ փոխանցվում էր մարմնով, ապա բարձրանում մինչև թաց մազերի եզրերը: Նա ջերմանում էր…Հույսով…
Քայլեց այնքան, մինչև իր աչքերում եղած բոսորագույն փայլը համբուրեց պայծառ արշալույսի վարդագույն աչքերը, և նրանց համբույրից այնպիսի ջերմություն ճառագեց, որ նույնիսկ ծաղկավոր շորիկը իր արբած վիճակից սթափվեց. այն չորացավ: Նա ցավով, բայց միևնույն ժամանակ ողջամտությամբ հասկացավ, որամեն սկիզբ ունեցող երևույթ ունի նաև վերջ: Ամեն ինչ անցողիկ է կյանքում: Հասկացավ, որ յուրաքանչյուր անձրևին փոխարինելու է գալիս արևը, գիշերվան՝ ադամալույսը, լացին՝ ծիծաղը:
Առավոտը լուծվեց օդում և ստվերում թողեց խավարը: Նա ևս ակնածալից աշխարհի առաջ հանդես եկավ նոր, լուսավոր հզորությամբ: Բնությունն ինքը հոգաց նրա հոգու ապաքինման համար: Ցույց տվեց կյանքը շարունակելու պարզունակ ուղին, և ինքն էլ իր հերթին հաստատապես որոշեց անսալ մայր-բնության սփոփիչ խորհրդին:
Ապրելու պատանեկան տենչանքը վերադարձավ: Նա տուն հասավ, ներս մտավ՝ տան և հոգու դռներից այն կողմ թողնելով անձրևի հետքերը, բացառությամբ այն հանգամանքի, որ շորիկը, թեպետև չորացել էր, ճմռթված էր: Մի՜ քիչ…Բայց հոգ չէ:
Նա կարդուկի…
Նարինե Ավագյան
25.05.14