Եվս մեկ անկեղծ զրույց հեղինակի հետ

10.JPG

Փոքրիկ խոստովանություն

Հարցազրույցը բանաստեղծուհի ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ հետ

Նախգրություն. «Բարև… ես ուզում եմ հայտնել քեզ մի բանի մասին, ինչը դու վաղուց արդեն գիտես: Պարզապես չէիր կարող չիմանալ… Չէ՞ որ ես քեզ ուղղակի բառերով չեմ ասել»:

— Կպատմե՞ք, թե ինչի՞ց սկսվեց գրելու հանդեպ սերը:

— Գրելու հանդեպ սերը…Թերևս հայոց լեզվի հանդե՞պ սերը: Հայերենն ինձ համար մասունք է: Նրա նկատմամբ սերը երևի մինչև ծնվելս արդեն եղել է և կմնա նաև մահիցս հետո: Իսկ գրել եմ փոքրուց: Պարզապես գրել եմ ինքս ինձ համար: Երբևէ լուրջ չեմ մտածել այն մասին, որ մի օր կհամարվեմ հեղինակ…

— Ինչպե՞ս ընդունվեց Ձեր առաջին «Ես՝ առանց ինձ» գիրքը:

— Այսօր գիրքը կարծես այնքան էլ չի հետաքրքրում հասարակությանը: Բայց ես բոլորովին նկատի չունեմ, որ մարդիկ քիչ են կարդում: Գոյություն ունի էլեկտրոնային գրադարան, համակարգիչ, համացանց: Գիրքս, ես կասեի, ընդունվեց ընթերցողի կողմից, սիրվեց: Շնորհանդեսը տեղի ունեցավ Շենգավիթի N16 գրադարանում, ապա հանդիպումներ Օքրոյանի անվան գրադարանում, կրկին Շենգավիթի նույն գրադարանում՝ ընթերցողների խնդրանքով, «Էդիտ Պրինտ» գրատանը: Ասեմ, որ ես նվիրել եմ գիրքը յուրաքանչյուրին, ով ցանկություն է հայտնել ունենալ ու կարդալ այն:

— Իսկ Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա երիտասարդների մեջ այդքան տարածված չէ բանաստեղծություններ գրելը:

Թույլ տվեք չհամաձայնել: Ես այսօր իմ շուրջը նկատում եմ բազմաթիվ երիտասարդների, ովքեր փորձում են գրել: Ինչու փորձո՞ւմ են. որովհետև ոչ բոլորի մոտ է դա ստացվում: Բայց ունենք նաև տաղանդաշատ երիտասարդ գրողներ:

— Ինչ-որ տարբերություն նկատու՞մ եք արդի և նախորդ ժամանակների գրականության մեջ: Եթե այո, ապա` ո՞րն է:

— Անշուշտ, տարբերություն չլինել չի կարող: Ի վերջո ժամանակի, դարափոխության, մտածողության տարբերությունն իսկ բավական է, որ նրանք երբևէ չլինեն նույնը: Հետո էլ՝ նույնիսկ միևնույն ժամանակի երկու կայացած գրողներ ունեն տարբեր մտածելակերպ, տարբեր ձեռագրեր: Ինչպե՞ս կարող է հին , ավելի շուտ դասական գրողների և նորօրյա գրողների միջեւ տարբերություն չլինել: Կարևոր է, որ յուրաքանչյուր գրող իր ասելիքն ունենա: Այսինքն՝ ոչ թե նմանակի, փորձի թեկուզ իր համար կուռք համարվող ինչ-որ մեկի ոճը որդեգրել, այլ գրչածայրի միջոցով թղթին հանձնի հոգու պարունակությունը, անկեղծ զգացմունքները՝լինի դա սեր, վիրավորվածություն, ներում, թե ատելություն: Հուսանք՝վերջինս քիչ տեղ կգրավի մարդկանց սրտերում: Թեպետ ցասումից ծնված բանաստեղծությունները սովորաբար հրաբխային շնչառություն են ունենում:

— Ձեր բանաստեղծություններից ո՞րն եք համարում ամենահոգեհարազատը:

— Դժվար հարց է: Դուք գուցե զարմանաք, բայց նրանք իմ երեխաների նման են: Նրանց ես եմ ծնունդ տվել: Իհարկե, միևնույն ընտանիքում նույնիսկ երեխաները նույնը չեն լինում. կան ուժեղներ, կան նուրբ ու քնքուշ էակներ, կան մի քիչ ավելի գրավիչներ, բայց մայրը, միևնույն է՝բոլորին հավասար է սիրում… Կարող եմ ասել, թե որոնք են հասցրել սիրվել. «Գնում ես…», «Չապրված սեր…», «Ու թե գժվեմ…», Աշնան հոգեվարք, «Անցած ուղիս» շարքի գրեթե բոլոր բանաստեղծությունները: Բայց իմ կարծիքով զավակներիցս ամենահզորը «Աղոթք առ Աստված» գործն է…

Միջգրություն. «Երբ տեսնում եմ քեզ, իմ հոգու անափ ալեկոծությունը սիրտս վերածում է փոթորկոտ ալիքների վրա տատանվող փոքրիկ մակույկի, ու ինձ թվում է`ես ուր որ է այդ մակույկից կընկնեմ սիրո ալեծուփ ծովի մեջ, որտեղից ելքը մեկն է. Խորասուզում…»:

— Բանաստեղծությունների մեջ մի փոքր Սևակի շունչն է նկատվում: Նա կամ իր բանաստեղծությունները որևէ ազդեցություն ունեցե՞լ են ձեզ վրա:

— Սևակը եղել և մնում է իմ ուսուցիչը, իմ ավագ ընկերը, իմ խորհրդատուն,իմ կուռքը, որին, ցավո՜ք, բախտ չեմ ունեցել ողջ տեսնելու: Նա ինձ հետ է 4-րդ դասարանից ցայսօր՝ իր գաղափարներով, որոնք թեպետ ասվել են այդքան տարի առաջ, բայց կարծես երեկ գրված լինեն: Բոլոր ժամանակների հետ համահունչ: Նա իմ հոգում կա…Գուցե դա է պատճառը իր ներկայության: Սակայն հիմա դիտավորյալ ձեռքս չեմ վերցնում իր գիրքը:

— Դիտավորյա՞լ: Ի՞նչն է պատճառը:

— Քանի որ իմ աշխարհընկալման վրա նա իր ազդեցությունն է ունեցել դեռ փոքրուց, այն ժամանակ մտքովս անգամ չէր անցնում, որ ես կգրեմ ժամանակին, հիմա չեմ վերցնում գիրքը ձեռքս, որպեսզի ինձ վրա ազդեցության չափը նվազի: Թեպետ հիմա արդեն երբ կարդում եմ ինքս իմ գրածները, հասկանում եմ, որ դրանք իմն են, առանձին ձեռագիր, առանձին աշխարհ…

— Ինչպես արդեն ասացիք դուք ձեր բանաստեղծությունների ընթերցում –քննարկում էիք ունեցել: Պատրաստվու՞մ եք արդյոք հետագայում էլի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ:

— Հենց հիմա, երբ լույս է տեսել իմ երկրորդ ժողովածուն՝ «Լռության խորհուրդը», պատրաստվում է բավականին լուրջ շնորհանդես, որը տեղի կունենա Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում: Կազմակերպիչը «Տիր» ակումբն է: Հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս: Սպասվում են հանդիպումներ նաև մի քանի այլ գրադարաններում:

— Շնորհակալություն զրույցի համար և շնորհավորում եմ Ձեր նոր գրքի լույս տեսնելու կապակցությամբ:

Հետգրություն. «Ու հիմա, այս ամենից հետո ինչպե՞ս չասեմ, որ իմ կյանքն անիմաստ և ունայն է դառնում հենց միայն այն մտքից, որ չեմ տեսնելու քեզ, չեմ ժպտալու քեզ, չեմ խոսելու քեզ հետ… Աչքերով…»:

Նախգությունը, Միջգրութունը եւ Հետգրությունը հատվածներ էին հեղինակի «Խոստովանություն» ստեղծագործությունից:

Զրուցեց Լուսինե ԱՎԱԳՅԱՆԸ

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

Թողնել մեկնաբանություն