Իմ Երևա՜ն
Աշխարհի մեջ փոքրիկ աշխարհ,
Դու՝ աղ ու հաց, դու՝ սուրբ նշխար,
Ծածու՜կ կարոտ հեռուների,
Ներքին վայելք ու հիացմունք
Քո բաց գրկում ապրողների:
Դու հայկական երգ վարարուն,
Անսահման սեր ու նվիրում:
Դու գեղգեղանք, դայլայլ թռչնի,
Դու՝ ելևէջ, նու՜րբ մեղեդի:
Գարնանային խինդ ու բերկրանք,
Դու՝ աշնան վառ ներկապնակ,
Ամառային ջի՜նջ պարզություն,
Եվ ձմեռվա անմեղություն:
Հայի օրրան, հայ հոգու տուն,
Աստղածաղիկ՝ հայրենիքիս տաքու՜կ գրկում:
Խաղացկուն ծով, ուր նավերը
Ծածանում են առագաստներ մեծ հաղթության,
Վարարուն գետ, ուր պիտ մտնի հմու՜տ լողալ իմացողը,
Որ դեգերի ալիքներում հավերժության:
Դու՝բարի մայր, ով զգում է
Հայոց արյան ջերմությունը երակներում,
Դու՝սիրո երգ, որ հնչում է
Իրիկնային լուսավորվա՜ծ փողոցներում:
Խորհրդանիշ մեր ինքնության,
Դու՝վարդագույն զարդաշուշան՝
Ամուր պրկված հայոց կրծքին,
Անշահասեր, անապական:
Դու՝հուսալի և ցանկալի,
Դու՝գրկաբաց, հոգով լայնբաց..
Դու՝հնամյա և նաև նոր,
Դու՝մոգակա՜ն, անրջայի՜ն,
Դու՝գեղաթով ու անվրդով,
Հոգեզմա՜յլ, եթերայի՜ն,
Հայոց ոստան սիրազեղուն,
Դու անգին քար՝ վա՜ռ, պսպղուն…
Ոգեկանչ երգ այնպե՜ս խոսուն,
Իմ Երևան՝ հար մնայուն…
Ն. Ավագյան
12.10.14
Երևանի 2796-ամյակին