Հարցազրույց հեղինակի հետ

1522213_645832835480057_1453944147_n

Նարինե Ավագյան.

Այս անգամ զավակիս անունն էր <<Ես` առանց ինձ>>

Միշտ էլ հաճելի է զրուցել արվեստի բնագավառի յուրաքանչյուր ներկայացուցչի հետ: Սակայն, երբ պատկերացնում ես, որ զրուցակցիդ անունը տարիներ հետո գուցե գրվի մեր մեծերի` Չարենցի, Սևակի և Սահյանի կողքին, հոգիդ էլ ավելի է լցվում գեղեցիկով:

Վերջերս տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծուհի Նարինե Ավագյանի առաջին` <<Ես առանց ինձ>> գրքի շնորհանդեսը: Գիրքը շատ քիչ ժամանակահատվածում սիրվեց և ճանաչում ձեռք բերեց: Հենց այդ առիթով էլ զրուցեցինք  բանաստեղծուհու հետ:

-Տեղյակ եմ, որ վերջերս տեղի է ունեցել Ձեր առաջին ` <<Ես` առանց ինձ>> գրքի շնորհանդեսը. Այդ առիթով շնորհավորում եմ Ձեզ, և կցանկանայի հենց այդտեղից էլ սկսենք: Ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը:

— Անչափ շնորհակալ եմ: Անկեղծ ասած`գրքի շնորհանդեսի կազմակերպման գաղափարը ինձ չի պատկանում: Ես գնացել եմ այնտեղ որպես հյուր և միայն դահլիճ մտնելուց հետո եմ հասկացել,թե ինչ է տեղի ունենում: Ուզում եմ ասել, որ չափազանց հաճելի անակնկալ էր ինձ համար ունկնդրել սեփական բանաստեղծությունները տարիքային տարբեր խմբերի պատկանող ասմունքասեր երիտասարդների շուրթերից: Ի դեպ ասեմ,որ շնորհանդեսի հեղինակները հենց իրենք էին:Ինչպես ծնվեց գրքի գաղափարը: Երբ գիրքը ծնվեց, զարմանալի զգացողություն էր պարուրել հոգիս, ու թվում էր, թե ևս մեկ անգամ ու կրկին մայրանում եմ: Այս անգամ զավակիս անունն էր<<Ես` առանց ինձ>>: Հավատացնում եմ, որ այն երկար ինքնաքննադատության և անկեղծ աշխատանքի արդյունքում է լույս աշխարհ եկել, որի համար անչա~փ ուրախ եմ: Գրքիս ստեղծման ու այսօրվա գոյության համար պարտական եմ ազգիս մեծագույն ուսուցիչներին, որոնց անփոխարինելի գոհարների ընթերցման արդյունքում է ծնվել ու մեծացել հոգուս մեջ սեր դեպի հայ պոեզիան: Իսկ ինչ վերաբերում է բուն գաղափարին,ապա նախապես որոշված չի եղել,որ շուտով գիրք կլինի: Պարզապես երբ հասունացավ այդ պահը, նրա ծնունդը արդեն անխուսափելի էր: Մի բան գիտեմ. Ոչինչ հենց այնպես կյանքում չի լինում:

— Իսկ Ի՞նչու <<Ես` առանց ինձ>>:

-Ուզում եմ մի փոքրիկ գաղտնիք բացել այս հարցի հետ կապված: Նախապես որոշել էի գիրքն անվանել <<Մի թարգմանիր ինձ>>: Դա վերնագիրն է իմ կողմից շատ սիրված բանաստեղծության,որն ընդգրկված է գրքում: Սակայն վերջին պահին վերնագիրը փոխվեց դստերս նախաձեռնությամբ: Տողը մեկ այլ բանաստեղծությունից է: Այն վերցված է <<Գնում ես>> բանաստեղծությունից: Նա առաջարկեց,ինձ էլ գաղափարը դուր եկավ:

-Ե՞րբվանից եք սկսել ստեղծագործել:

-Ստեղծագործել եմ դեռ մանկուց, սակայն այն ժամանակ չէի էլ պատկերացնում,որ գործն այստեղ կհասնի: Միշտ գրել եմ էգոիստաբար` ինքս իմ քաղցը հագեցնելու համար: Գրիչն ու թուղթը անբաժանելի ուղեկիցներ են եղել թե ուրախության, և թե տխրության պահերին: Բայց հանրության հետ խոհերս կիսելու ցանկություն առաջ եկավ մոտ երեք տարի առաջ, երբ հասկացա,որ եկել է պահը:

-Հատկապես ո՞ր թեմաներն են Ձեզ հոգեհարազատ և ի՞նչու:

-Իմ նախասիրությունների շարքին տարիներ շարունակ դասվել են աստղալից երկնքին հետևելը, փիլիսոփայությունն ու մարդկային հոգեբանությունը: Էությամբ ռեալիստ եմ, բայց ռոմանտիզմի պակաս էլ չեմ զգում: Շատերից խիստ տարբերվում եմ իմ լավատեսական հայացքներով և կարծում եմ,որ հենց դա է փրկում աշխարհը ցանկացած անելանելի վիճակից: եվս մեկ ինձ համար շատ կարևոր հատկանիշ`հայրենասիրություն: Այսպիսով ես փորձեցի խոսել այն հիմնական թեմաներից,որոնք էլ ինձ հոգեհարազատ են.սեր, հայրենիք, մարդկային հոգեբանություն,կյանքի փիլիսոփայություն: Թեպետ <<Ես առանց ինձ>> շարքում զետեղված են ավելի շատ սիրային բանաստեղծություններ:

-Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

— Ասում են, որ բանաստեղծ լինելու համար հարկավոր է հաճախ սիրահարվել, քանզի լավագույն բանաստեղծությունները սովորաբար ծնվում են իրական կերպարներին , ո՛չ թե անգո մեկին սեր խոստովանելիս: Թույլ տվեք չհամաձայնել այս կարծիքի հետ: Ու հավատացա՛ծ եղեք, որ դրա համար իմ հիմնավոր պատճառներն ունեմ: Իմ կյանքում միայն մեկ սեր ունեմ, որը ստացված է, երջանիկ ու փոխադարձ: Սակայն դա չի՛ խանգարել ինձ ստեղծագործել`բազում գործեր նվիրելով անպատասխան սիրուն: Իսկ ոգեշնչման աղբյուր հանդիսացել ու շարունակում են հանդիսանալ ինձ համար ընթերցած յուրաքանչյո՛ւր գրքի կամ դիտած ֆիլմի հերոսը կամ հերոսուհին, նրա ապրած կյանքն ու զգացմունքը: Այստեղ ճիշտ կլինի մեջ բերել Ռիչարդ Բախի հետևյալ խոսքերը.<<Եթե դու ինչ-որ ժամանակ վարժվես ապրել որպես հորինված կերպար, կհասկանաս, որ հորինված բնավորությունները երբեմն ավելի՛ իրական են, քան մարմին ու սիրտ ունեցող մարդիկ>>: Հենց այդպիսի հոգեվիճակում էլ հայտնվում եմ ես յուրաքանչյուր բանաստեղծության ծնունդից առաջ:

-Մեր մեծերից ինչ-որ մեկի օրինակն ուն՞եք Ձեր առաջ:

-Իհարկե ունեմ: Կարծում եմ,որ ցանկացած մարդ իր մտահորիզոնում ունի իր իդեալին համապատասխանող կերպար: Գրականության ասպարեզում ինձ համար անկրկնելի նշանակություն ունեն Պ. Սևակը,Հ. Սահյանը, Ե. Չարենցը, Սայաթ-Նովան: Լինելով անգլերենի մասնագետ` ինձ համար շատ մեծ է եղել և կա շփումը արտասահմանյան գրականության հետ ևս, այնտեղ նունպես ունեմ ինձ համար ֆավորիտներ,սակայն չեմ ժխտի,որ Սևակն ինձ համար մեկ այլ աշխարհ է,որի բացահայտման համար հարկավոր են բազում աշխարհներ: Ի դեպ` ես արդեն ունեմ մեկ գործ նվիրված հենց Նրան`Պ. Սևակին:Այն աքրոստիկոս է:

-Ի՞նչ եք կարծում, Դուք կարո՞ղ եք հեղաշրջում կատարել հայ գրականության մեջ:

_Անկեղծ ասած ինձ երբևէ չէի պատկերացրել հեղափոխականի դերում, բայց սկզբունքներիս դեմ է գործածել <<երբեք>>բառը: Չգիտեմ ես կլինեմ այդ հեղափոխականը,թե մեկ ուրիշը ինձանից հետո, բայց այն,որ մեր արդի գրականությունը հեղաշրջման կարիք ունի` չեմ ժխտի: Լինելով ժամանակակից գրող` ես ակտիվ հետաքրքրվում եմ իմ ժամանակակիցների գործերով, կարդում եմ ու տեղեկանում արդի գրականությանը: Գրաքննադատ չեմ ,բայց որպես հայ պոեզիան սիրող հայորդի ցանկություն ունեմ տեսնելու նոր սևակներ,սահյաններ, չարենցներ ու իսահակյաններ մեր շարքերում: Թող նրանք նորովի ու յուրովի ներկայացնեն հայ գրականությունն ու պոեզիան, բայց թող ասելիք ունենան:

-Երբևէ քննադատություններ լսե՞լ եք Ձեր գրքի մասին:

-Այո,շատ եմ լսել քննադատականներ իմ գրքի մասին իմ կոլեգաներից, ծանոթ ու անծանոթ ընթերցողներից,իմ սաներից, ուսանողներից: Լսել եմ միայն լավը դեռ, Ուրախանում եմ շատ,երբ ինչ-որ մեկն ասում է,որ գրքում ունի իր սիրած բանաստեղծությունը, կամ որ ինչ-որ դժվար պահի իմ բանաստեղծությունն է օգնել, կամ որ սիրելիին շնորհավորել է` հղելով նրան իմ տողերը: վերջերս նաև կայացավ հանդիպում Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ասմունքասեր ուսանողների հետ: Ես հաճելիորեն զարմացած էի նրանց քաջատեղյակության վրա: Եվս մեկ հետաքրքիր ու անմոռանալի օր իմ կյանքում:

-Առաջին փորձը հաջողված է, ըստ այդմ` կարծում եմ` այն պետք է, որ շարունակական լինի. Արդյո՞ք կա նման մտադրություն:

-Առաջին`<<Ես առանց ինձ>> ժողովածուի մեջ տեղ են գտել թվով մոտ 85 բանաստեղծություններ: Այսօր ևս այդքան անտիպ գրվածքներ կան արդեն, և ես զգում եմ,որ շուտով կհասունանա այն պահը,երբ ես կուզենամ դրանք ներկայացնել հանրությանը: Պարզապես կա մեկ տարբերություն: Հաջորդ գրքում տեղ կգտնեն շարքեր` նվիրված ծնողներին, մարդ էությանը, բալիկներին,հայրենիքին, և,իհարկե,սիրուն`մաքուր, գեղեցիկ, ուրախ կամ տխուր…Ուզում եմ Ձեզ ևս մեկ գաղտնիք բացել. Վերջերս սկսել եմ գրել նաև անգլերենով: Արդեն ունեմ երեք բանաստեղծություն,կարծում եմ, որ այս գործը նունպես շարունակական է,սակայն ինձ համար մայր լեզվով գրելը բոլորովին այլ բան է:

Հարցազրույցը վարեց Մարիամ Կարապետյանը

Հատուկ շնորհակալություն <<Մենուա>> ամսագրին:

Թողնել մեկնաբանություն