Մեր ճակատագիրն ու բախտը խճողած փայտամածնե՛ր,
Ձեզ թվում է սակայն,
Որ անցյալի վաղու՜ց արդեն ավարտած գիրքը
Գրել եք դուք արյամբ հայի՝
Թաթախելով ձեր սրածայրը հայոց արյամբ լցված թանաքամանի մեջ,
Եվ այդ սուրը՝ գործած բազու՜մ հանցանք,
Դուք դրել եք պատյա՞ն:
Իսկ մեզ համարում եք խամաճիկներ բախտի,
Որոնք, սաստիկ հուզված ու շփոթված,
Ասես նայել էին կյանքում շա՜տ խիստ արգելվածին,
Երկխոսում են անդեմ ինչ-որ չեղած ԿՈՏՈՐԱԾԻ մասի՞ն…
Ա՞յդ եք կարծում, այո՞…
Լծեցեք ձեր՝ ողորկ քարի նման մաշված ուղեղները
Կյանքի հիշողության կառքին:
Դուրս քաշեցե՛ք պղտոր հոգիներից ձեր տիղմ
Պատկերները թշվա՜ռ, ջնջված հոգիների,
Զոհերի՛ կոտորված, շղթայակապ ու լուռ, նկո՛ւն գերիների…
Ծիծաղու՞մ եք, հարկա՜վ, քրքջում եք նորից
Դուք՝ չարիքի կրող, դուք՝ մա՛հ ու մահերգի՛չ:
Հանեցեք ձեր դեմքից քողը աղավաղման,
Վաղ թե ուշ տալու եք դուք պատշաճ պատասխան
Ձեր արածի համար:
Կու՞շտ եք, և ինչու՞ չէ, գինովցած եք նաև,
Քանզի պատառը ձեր հյուսել եք դուք դարեր
Հայի արյամբ վճիտ ու քրտինքով նաև,
Իսկ արբած եք գինով՝ հայոց հողից ծնված,
Որ քաշել եք հայի խաղողակիր ու պիրկ երակներից արդար,
Ագահաբար խմել գիշերային մթով պատած թշվառ,
Նաև մեռյալ հոգիների զովը,
Ագահաբար լափել հայի լքված հողը,
Մորթել մանկանն անմեղ, նետել մահվան ծովը՝
Խարանելով հայոց ազգի հոգիներում գորշ, մթագույն բծեր,
Փոխարկելով նրանց խոնարհ սրբությունը անմիտ համեստության:
Ուրախացե՛ք, քանի դեռ կարողանում եք լու՜ռ
Կրել Ձեր սրտերում բեռը ծա՜նր լծի,
Շնչել օդն հագեցած գոլորշիով արյան ու սևաթույր մաղձի,
Քանի չեք զգում շունչը խիստ շիկացած քամու,
Որ փչում է հայոց վրեժխնդրությունից՝ մարմիններիդ վրա,
Քանի հայը իր վեհ հպարտությամբ անպարտ
Դեռ փորձում է մնալ իրեն բաժին հասած
Խոնա՜րհ տառապանքի վեհ բարձրության վրա՝
Իր Մասիսի նման, Վանա Ծովակի պես,
Արցունքներով թախծի, աչքերով իրատես:
Քանի հայը՝ սրտում պահպանելով վերքեր,
Դեռ փորձում է խաղա՜ղ, անզեն ճանապարհով,
Իր հոգում թանձրացած մութ խավարը ցրել:
Լռե՞նք, դա՞ եք ուզում…
Ու թե նույնիսկ լռենք, թե նահանջենք անձայն,
Մեր քարերը կասեն, կպատմեն մեր տեղակ
Զազրանքների մասին, որ պահում են լռին,
Կասի վերքը հայի, իր վիրավոր սրտի մորմոքով կտնքա
Ցավը կոտորածի, որ արդ խարանվել է
Մեր ժանտահար ու պիրկ հոգիների վրա:
Զվարճացեք նաև ձեր պատրանքով պատված,
Այն պատրանքով, որ արդ պատանք պիտի դառնա,
Հպարտացեք զազիր ձեր կատարած ոճրով,
Ու ձեր գլխին կախված անլուսին գիշերվա տաղտուկ ամայությամբ,
Որ դուք հիմարաբար համարում եք անդորր…
Ուրախացեք, մինչև մռայլ հեռուների անչափելի խորքից
Ձեզ կհասնի բույրը օդում վաղու՜ց կախված մոտալուտ փոթորկի:
Քանի լուռ է ծխում խառնարանը հայի…
Բայց հանգած չէ, գիտցե՛ք,
Եվ սպասում է պատեհ ակնթարթին, որ պոռթկա ու ժայթքի:
Այնժամ դուք էլ կզգաք բույրը ատելության,
Որ կքաշի ձեզ էլ պայթյունի մեջ կրքոտ,
Կհագենա այնժամ տառապյալ ու սովյալ հոգու ծարավն հայի,
Ձեզ թվացյալ հանգչող հույսի լույսն անարև
Խայծ կգցի մեր մեջ, և դա բավ է արդեն.
Պատմության խոթուբոթ դարափներին կոփված,
Բախտի ծաղր ու ծանը տոկունությամբ կրած,
Անկախության ոգին հավերժ փառաբանած ժողովուրդը իմ հայ
Ծնկի չի՛ գա երբեք նենգ թշնամու առաջ…
Գունատ արշալույսն է ներկել եզրը դաշտի,
Հիշողության ամպի ծվեններն են իջել հոգուն Ծիծեռնակաբերդի:
Անտես ու լու՜ռ արյան շիթերն են հեգ հոսում
Զոհված անմեղների շնչող երակներից,
Եվ մեր՝ պիրկ ու ցասուն երակներն են լցվում:
Արյուն, որի մեռած բջիջները խոսուն
Պահանջում են մի բան՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ…
Նրանց շիրիմներից ամեն բացվող օրվա խաղաղ արևկաթին
Դեպ երկինք է ձգվում լույսի ուղիղ մի սյուն:
Ճիչ ու աղաղակը անմեղ մանուկների,
Որ զոհ դարձան թուրքի անգութ յաթաղանի,
Հառաչում են այնպես, որ հասնում է ձայնը հեռուներ չլսված,
Եվ մի օր էլ, հիշե՛ք, թախանձանքը նրանց
Կհամբառնի վերև սուրբ աղոթքի թևով,
Կճեղքի երկինքը, կհասնի առ Աստված…
Այնժամ սարսափեցե՛ք ահեղ դատաստանից,
Աստվածապաշտ ազգն իմ՝ դարերով խոշտանգված,
Կպահանջի վճիռ՝ հավերժ փառաբանված ու չծնկած
Մի ազգ կոտորելու համար:
Ծիծաղեցե՛ք՝ բիրտ, անպատվար ու ստահակ,
Ծիծաղեցե՛ք, քանի շնչում եք ու դեռ կաք…
Նարինե Ավագյան
24.04.14