Քո մոմը ուրիշ մատուռում չի վառվու՜մ,
Եվ ծուխը քո սիրո
Ուրիշ մատուռից չի հառնում երկինք…
Քեզ հարկավոր է մի աղոթարան,
Մի աստվածուհի,
Մի աղոթագիրք…
Դու հեթանոս չես…
Միաստվածության հպատակն ես դու…
Ն. Ավագյան
31.01.15
Երկուսով էին, ա՜խ, մենակ չէր նա…
Երկուսով էին, ա՜խ, մենակ չէր նա,
Բայց ինչու՞ հանկարծ ինձ այդպես թվաց,
Ինչու՞ կարծեցի, թե պետք եմ նրան,
Այդ ի՞նչ ստրկությամբ սիրտս թրթռաց:
Մեր հայացքների հանգուցակետում
Մի ծանոթ անկյուն նշմարվեց հանկարծ,
Գողտրիկ մի այգի, ուր մենք երկուսով
Անրջում էինք ձեռք-ձեռքի տված:
Ի՜նչ թրթռուն էր երեկոն հուշիկ,
Անծանոթ կածանն իմ տունն էր հիմա,
Հոգիս՝ թարմացած խո՜ր գորովանքից
Փակել էր աչքը արթնամտության:
Հեռվից լսվում էր ձայն կարոտաբաղձ,
Մի թափառական երգիչ էր անցնում,
Հոգնած մատներով լարերից կառչած՝
Ջութակից մի նոր երգ էր աղերսում:
Գործիքը վերջին ուժերն իր լարեց,
Եվ լալահառաչ ձայնով՝ հեղակարծ
Գրոտեսկային մի մեծ հաղթարշավ
Իր նոր բողոքով մեր գլխին տեղաց:
Միաձուլվեցին անցյալն ու ներկան,
Լուսինն աստղերին իր համբույրն հղեց,
Աղեբույր քամին իր կայտառ ոգին
Ծովի եզերքից մեզ ընծա բերեց:
Սթափվեցի կյանքի բույրից իրական,
Թևանցուկ արած մի զույգ էր կանգնած,
Հիմա հասկացա, ա՜խ, մենակ չէր նա,
ի՛նձ այդպես թվաց, ինձ այդպես թվաց…
Ն. Ավագյան
27.01.15
Սևակին
Ես ուշացել եմ…
Չգիտեմ ինչու՝
Ճակատագրի կամքով անքնին
Բախտ եմ ունեցել քեզ՝
Քո գրքերում տեսնելու միայն,
Մտքիդ թևերով ճախրելու հեռու՜
Իմ ժամանակից, բայց և մոտ այնքան…
Ես մտածում եմ՝
Այդ ի՞նչ ամբար էր քո սրտի տեղակ,
Որ մի ողջ ազգի ցավն էր պաշարում,
Եվ եղեռնական ձայնով ղողանջում…
Որքա՜ն բարձր էր ճախրը քո մտքի,
Այն նվաճել էր գալիք օրերի
Իրեղեն հեռուն…
Այնպե՜ս կուզեի՝ Նարեկյան շունչդ
Թևածեր հիմա
Հայոց լեռների գլխին կուտակված
Մու՜թ երկինքներում,
Խավարը ցրեր՝հարկ եղած դեպքում…
Այնպես կուզեի Սևակյան ոգիդ
Մի սուր վարակիչ հիվանդության պես
Բույն դներ ամեն հայորդու սրտում՝
Խորու՜նկ, մինչ ի մահ…
Քո Կոմիտասյան հարգանքին ի տուր,
Հանճարեղ մտքիդ վա՜ռ խոհեմությամբ,
Քո պայծառատես աչքերի հրով,
Եվ զգացմունքներիդ անանց խորությամբ
Երգդ ծոր տվեց, եկավ հասավ ինձ,
Ելևէջելով հոգուս ընդերքում՝
Այն կփոխանցվի սերնդեսերունդ:
Հպարտ եմ, որ քո գաղափարները
Կրում եմ այսօր իմ երակներում:
Ն. Ավագյան
24.01.15
Էլ ո՛չ մի արցունք, էլ ո՛չ մի թախիծ…
Վե՛րջ, էլ չեմ լացի,
Վերջին արցունքս քամել եմ արդեն
Այս քարսիրտ դարի անհոգի գրկում…
Վե՛րջ, էլ չեմ թախծի,
Վերջին անգամ եք ինձ տեսնում
Այսքա՜ն հուսահատ ու հեգ…
Վե՛րջ, էլ չեմ խղճա,
Խիղճս թաղել եմ իր իսկ օրոցքում
Մորթված անմեղ մանկան շնչի հետ,
վերջին արցունքիս, վերջին լացիս հետ…
Հանգիստ է այսպես…
Վայրի գազանը, որ առանց հոգի
Ապրում էր մինչ այս շատերի սրտում,
Ինձ էլ է տիրել…
Այսուհետ, ա՛զգ իմ,
Պիտի ո՛չ թե լոկ պաշտպանվես սրից,
Այլ դու՛ սրատես,
Ու թող պաշտպանվեն հիմա քեզանից:
Ազգ իմ, չպե՛տք է խուսափես մահից,
Պիտի ընդունես նրան գրկաբա՜ց,
Դարձնես նրան քեզ ապրելակերպ…
Այս դեպքում գուցե նա էլ հասկանա,
Որ շատ է դարձել առօրեական,
Մի տեսակ շատ է մեր տանը լինում,
Այնքա՜ն հուրասեր մեր հարկի ներքո,
Եվ գալը նրա՝ ո՛չ ժամանակին,
Արժեզրկում է մի տեսակ նրան:
Չպիտի թախծես այսուհետ, ա՛զգ իմ,
Այլ քո թշնամյաց թախծի պատճառը
Դո՛ւ պիտի դառնաս,,,
Եվ ո՛չ մի արցունք, լսու՞մ ես, ա՛զգ իմ,
Եվ ո՛չ մի արցունք՝ այդ ստահակների
Ծարավ սրտերի հագուրդման համար:
Ճիշտ հակառակը՝
Նրանց ամեն մի կաթիլ արցունքի
Եվ լացի դիմաց՝
Քեզ կամենում եմ մի բուռ լիաթոք,
Հագեցած ծիծաղ,
Մի անսիրտ քրքիջ…
Վե՛րջ, էլ սիրտ չկա,
Սիրտս վաճառել ու նրա տեղակ
Երկնքում թևող խեղճ հոգիների
Վրեժն եմ կրում…
Լսու՞մ ես, ազգ իմ՝
Էլ ո՛չ մի արցունք…
Էլ ո՛չ մի թախիծ…
Ն. Ավագյան
22.01.15
Երևան
Իմ վա՜ռ հուշեր
Իմ վա՜ռ հուշեր, դուք՝ անմարմի՜ն,
Երազի պես անցա՜ք, անցա՜ք,
Փայփայում եմ Ձեզ մտովի,
Որ իմ հոգում հավերժանա՜ք:
Հի՜ն օրերի քաղցրաշիթ երգ,
Դեռ հիմա էլ ունկս շոյու՜մ,
Կյանքիս անդարձ ակնթարթներն
Ու՞ր ես այդքան դու ամբարում:
Իմ վա՜ռ հուշեր, հոգեթրթի՜ռ
Թևումներով անդա՜րձ անցաք,
Ինձ թողեցիք խոցո՜ղ թովչանք,
Ձեզ հետ տարաք մի ամբո՜ղջ կյանք..
Իմ վա՜ռ հուշեր, դուք՝ անմարմի՜ն,
Անուրջի պես անցա՜ք, անցա՜ք,
Ետկեսօրյա տապով եկաք,
Քամու թևով անհետացա՜ք…
Ն. Ավագյան
17.01.15
Հուշերգ
Աչքերիս խորքում վա՜ռ գծագրված
Մի տուն է գողտրիկ, այգի ու մառան,
Սրբատաշ քարեր՝խիստ ավանդական
Վարդագույն հևքով շնչում են, ահա՜,
Փոքրիկ մի լճակ, որն իր աչքերում
Երկնքի լազու՜ր արտացոլանքն է
Սիրով փայփայում,
Մի փոքրիկ նավակ՝ լճակի սրտում:
Հանդում աշխատող հայորդու աղոթք՝
Մեղմացած ջրի խշշո՜ւն ծփանքից,
Զանգերի ղողանգ, որ ամեն ծեգին
Հասնում են ունկիս զանգակատնից…
Այգի եմ հիշում՝ Ի՜նչ բարեխնամ՝
Ծառերի ճկված ճյուղերի երգից կռացած մի քիչ,
Սակայն հյուրասեր, սակայն գրկաբաց,
Ու նաև շոյված պապիս աչքերի խո՜ր գորովանքից:
Մառանում, հսկա տակառների մեջ
Եռացող գինու բուրմունք եմ լսում,
Դռան մղլակը, որ ամեն անգամ
Պապիս երգերի ձայնով էր բացվում:
Փայլարադրվագ սեղանն եմ հիշում,
Որ կշտացած էր երգ ու ծիծաղից,
Մեր բակում՝ թրծած այն կավե խոշո՜ր
Թաղարի վրա հիշում եմ փոքրիկ
Մի ճնճղուկի. նա չէր վախենում,
Հացն իր ուտում էր պապիս ձեռքերից,
Փոխարենը՝ մե՜ղմ կտցհամբուրելով
Ափերը նրա…
Հիմա երևի իր ժառանգներն են
Ապրում մեր բակի թաղարի վրա:
Բայց ի՞նչ են ուտում, և ու՞մ ձեռքերն են
Սիրով համբուրում, երբ պապս չկա:
Հյուսածո խսիրն ու ջրի հայելին,
Ընթերցման ժամերն անմոռանալի,
Սրբատաշ քարով մեր տունն ու այգին,
Այնքա՜ն հարազատ, բայց անդառնալի…
Հիմա այն այգու ծառի մի ճյուղից
Մի բուռ կարոտ է կախված օրորվու՜մ,
Իսկ տան մերձակա լճի ծփանքից
Նրա հուսահատ երգն է խլանում:
Բայց լսում եմ ես…
Իմ հուշերի մեջ վա՜ռ գծագրված
Այն տունը գողտրիկ կարոտ է երգում…
Ն. Ավագյան
Հիմա գիտեմ
Ինչ էլ որ լիներ՝ արժեր ապրելը,
Արժեր արթնանալ արևի գրկում,
Եվ լուսնի թևին արժեր քնելը,
Հարազատ դարձած բանուկ փողոցում
Խենթի պես երգելն ու թափառելը,
Կյանքով արբեցած թարմ օդ շնչելը,
Թեկուզ և նրա խիստ թանձրությունից
Երբեմն հանկարծ շնչահեղձ լինելը:
Ինչ էլ որ լիներ՝ արժեր ապրելը,
Զավակ լինելու բերկրությունը զգալ,
Իսկ հետո նաև ծնող լինելը,
Արժեր ատելը, արժեր սիրելը,
Կյանքի մոլեգին դարավանդներին
Երբեմն կտրուկ վերելք ապրելն
Ու նաև ընկնելը,
Միշտ ճիշտ լինելն ու նաև՝ գայթելը:
Արժեր բնության թևով թևելը,
Ապրել ամառը, ապրել գարունը,
Աշունն իբրև թագ գլխին հագնելով՝
Արժեր ընթանալ դեպի խո՜ր ձմեռը:
Արժեր բաց վերքից խիստ տառապելը,
Արժեր թաց աչքից լու՜ռ արտասվելը,
Արժեր կես շուրթով ,բայց ամբողջ հոգով
Լավ ծիծաղելը, արժեր ներելը…
Արժեր բովանդակ աշխարհը սիրելն
Ու նրան հոգուդ մեջ ամբարելը,
Արժեր լույս խմել աստղալից թասից
Հետո տաք շնչով խավարը ցրելը…
Թեկուզ և անսպաս, կամ էլ
Շա՜տ սպասված մահը վրա գար՝
Արժեր ապրածի քաղցր հուշերով
Լցոնված հոգիդ լու՜ռ ավանդելը՝
Առանց տրտմության, արժանապատի՜վ…
Թեկուզ և գիտենք, որ վերջը նույնն է՝
Ինչ էլ որ լիներ՝ արժեր ապրելը…
Արժեր ապրելը…
Ն. Ավագյան
10.01.15
Դո՞ւ… Էլ իմը չես
Դու՞…
Դու իմը չես՝
Ինչպես իմը չէ
Լուսնի մահիկը,
Երկնքի լազու՜ր
Հեռուների մեջ
Սահու՜ն լողացող
Ճերմակ ամպիկի
Ա՜յն պատառիկը,
Եվ կամ արևի
Քնքու՜շ շողիկը՝
Իր հեռուներից…
Իմը չես՝ինչպես
Վաղու՜ց իմը չեն
Աչքերիդ խորքում
Ծպտված փայլուն
Կայծերը լույսի,
Իմը չես՝ինչպես
Հոգուդ ամրոցում
Ամու՜ր փայփայված
Ջահերը հույսի:
Կարապի ճերմա՜կ
Պարանոցի պես
Էլ դու իմը չես,
Լճի կոհակվող
Ալիքների պես
Էլ դու իմը չես…
Ճաղերից այն կողմ՝
Ա՜յն բարեխնամ
Պարտեզի ներսում
Սիրով աճեցրած
Վարդերի նման
Իմը չես արդեն,
Գարնան հեռացող
Օրերի նման
Իմը չես արդեն,
Դու՜…
Դու իմը չես…
Ձմեռն է իմը՝
Իր երկարաշունչ
Ցուրտ գիշերներով,
Հուշերն են իմը,
Մտապատկերիս
Քեզ գծագրող
Մատիտն է իմը,
Նրանից ծնված
Քո ուրվագիծը,
Եվ ոչի՜նչ չասող
Խենթ լռությունը…
Դու՞…Էլ իմը չես:
Դու էլ իմը չես…
Ն. Ավագյան
30.12.14
Ցուրտ էր: Մրսում էր երկինքը: Շա՜տ էր մրսում: Օդի մեջ մենակությունն էր փառահեղ տեղավորվել և իր սառնաշունչ հևոցով լցրել երկնքի կուրծքը: Հուսահատության գրոհում էր: Այնքան էր մրսում երկինքը, որ սկսեց թարթափել աչքերը: Փորձում էր լաց լինել, որ հանգստանար, հոգին թեթևացներ, չէր ստացվում: Մե՜ծ դժվարությամբ արտևանունքից մի քանի կաթիլ արցունք պոկվեց: Պոկված արցունքները աներկբայելի ինքնավստահությամբ սահեցին ներքև: Այնպես էին շարժվում, ասես նրանց հոգում բոլորի համար անհասկանալի, բայց իրենց համար այնքա՜ն դյութիչ պարեղանակ էր հնչում: Մայր երկինքն իր կամքից անկախ մասնակից էր այդ հետաքրքիր խաղին: Երկնքից հեռանալուն զուգահեռ արցունքները վերածվեցին անշունչ սառցալուլաների ու կախվեցին աշխարհի գլխին: Սահմռկեցուցիչ էր տեսարանը: Սահեցին ներքև՝իրենց հետ բերելով երկնքի հոգում կուտակված դարդն ու ցավը: Երկինքը հանգստացավ, միամտեց…Դարդն ու ցավը սառցալուլաների հետ եկան, մխրճվեցին մարդկության սիրտը: Եկան ու մնացին: Հիմա տանջում են սեփական կրողներին: Ցուրտ էր մարդկանց սրտերում:
Իսկ երկի՞նքը…Նա հիմա ժպտում էր…Այլևս մենակ չէր: Գիրկն էր առել մարգարտափրփուր ամպիկերին և մայրաբար գուրգուրում էր նրանց: Մենակությունն էլ, ճնշված զգալով, լքել էր երկինքն ու կրկին տեղավորվել մեղսավոր աշխարհիս վրա: Նա տեղ էր գտել բոլոր նրանց սրտերում, ովքեր փակել էին իրենց սրտերը իրենց նմանների առաջ ու բանալին նետել խորը օվկիանոսի ամենակուլ ալիքների մեջ: Հիմա այնտեղ միայն մենակությունն էր զորու ներթափանցել: Ախր նրան մուտքի համար բանալի հարկավոր չէր…
Ասածս ի՞նչ է. Չփակեք ձեր սրտի դուռն ու մոռանաք նրա բանալին աներբ կորստի անապատներում: Թույլ չտաք, որ ձեր սրտերից հեռանա ջերմությունն ու իր տեղը զիջի սառցալուլաներին: Հակառակ դեպքում միշտ էլ ինչ-որ տեղ կգտնվի մի մենակ մնացած մենակություն, որ մեծ հոժարակամությամբ տեղ կգրավի ձեր սրտերում: Միշտ ջերմություն ապահովեք այնտեղ, որը կհալեցնի ցանկացած սառցալուլա, բայց միևնույն ժամանակ սրտի դռները կրնկին բաց թողնելով:
Ն. Ավագյան
02.01.15