Այս գիշեր…
Այս գիշեր ինձ հյուր արի,
Խառնիր կարգո՜վ, կանոնո՜վ սահմանված ամեն բան,
Եվ այս գիշեր իմ տուն հյուր արի…
Ցրի՛ր ամպերի թուխպը աչքերիդ լույսով,
Ներկի՛ր երկինքը բա՜ց կապույտ հույսով,
Եվ անգութ քամու բարկացած դեմքին
Նկարիր ժպիտ քո՝ մոգականորեն գունեղ վրձնով…
Բայց գաղտագողի և շա՜տ զգույշ կգաս,
Ուզում եմ պահել պատկերդ ընդմիշտ,
Տես՝ այնպես արա, որ շատ չուշանաս,
Թոթափի՛ր ուսերից իմ հեգ տրտմություն ու վիշտ…
Նաև չեմ ուզում, որ Նա զայրանա,
Իր անմիտ խանդից հանկարծ խենթանա,
Սիրում եմ նրա գույները նաև…
Քե՞զ…Դեռ հարցնո՞ւմ ես…
Ախր չէ՞ որ դու՛ ես իմ մուսան,
Դո՛ւ ես որդանը իմ անզուսպ արյան,
Քեզ հե՛տ է կյանքս հավե՜րժ պատանի,
Դ՛ու ես իմ հոգու վսեմ սպեղանին…
Նրա այցից էլ բնա՜վ չեմ նեղվում,
Քանզի գիտեմ ես՝ կարգո՜վ, կանոնով
Գալու ես կրկին,
Գալու ես սիրու՜ն,
Դու՝ իմ խենթ գարուն…
Այս գիշեր ինձ հյուր արի,
Խառնիր կարգո՜վ, կանոնով սահմանված ամեն բան,
Ու իմ տո՛ւն արի…
Թող իմ աշունը խանդից խենթանա,
Թող իր զայրույթը այն մե՜րկ ծառերի,
Խոնարհ դաշտերի հեգ գլխին թափի,
Միայն թե, ի՛մ գարուն,
Դու շուտ արի…
Ն. Ավագյան
04.10.14