որոշել եմ այսօր մեծ-մեծ ձկներ որսալ անտառում
և ծովի վրա տնկել մեծ-մեծ ծառեր…
ի՞նչ է՝ չե՞մ կարող նոր կարգեր ստեղծել այս աշխարհում
և այդ կարգերի համար մոգոնել համապատասխան բառեր…
որոշել եմ՝ արևն այսուհետ մայրամուտին պիտի դուրս գա,
ադամալույսը որոշել եմ լուսնին թողնել…
դե լա՜վ, լա՜վ, ում սրտով չէ՝ իսկույն այս խաղից թող հեռանա,
իսկ մի՞թե մենք դարեր շարունակ օրը ցերեկով մթան մեջ չենք խարխափել…
որոշել եմ…ու որոշել եմ հաստատ…
կարևորը ոչ թէ ԻՆՉՆ է, այլ՝ ԻՆՉՊԵՍ…
մի քիչ բարձր կասեմ՝ ոտքս գետին խփելով
և որտեղից ասես անտառում ձուկ չի հայտնվի, այ՝ կտեսնես…
աշխարհի կարգը մի՞թե սա չէ, մարդի՜կ,
խաղցրաբերան խաբված լինելը գերադասում ենք փոքր-ինչ աղի կամ դառը ճշտին…
հանգիստ խղճով կարող ենք սուր քարեր գնել ու պարսատիք,
որ հարկ եղած դեպքում ցավոտ խփենք բարեկամի վշտին…
ի՞նչ է՝ չե՞մ կարող նոր կարգեր ստեղծել այս աշխարհում
և այդ կարգերի համար մոգոնել համապատասխան բառեր…
որոշել եմ ծովի վրա տնկել մեծ-մեծ ծառեր,
ու երբ որսի գնամ՝ թող փորձվեն հանկարծ անտառում չլինել ձկներ…
Ն. Ավագյան
22.04.16