Բարև, իմ սե՛ր: Գիտեմ՝լավ ես: Ինչո՞ւ չես հարցնում, թե ես ինչպես եմ: Հավանաբար այն պարզ պատճառով, որ գիտես չհնչեցրած հարցիդ պատասխանը: Ինչպե՞ս կարող է մի մարդ, ով ապրում է անցյալի մասին իր հիշողություններով սոսկ, լավ լինել: Չեմ ժխտի՝ դժվար է չափազանց, երբ կողքիս չես, երբ չեմ լսում քո ձայնի գեղգեղանքը, չեմ տեսնում խորաթափանց աչքերդ, որոնց մեջ այնքա՜ն կյանք կա, չես նվիրում ինձ ժպիտդ…
Տարօրինակ է՝ թվում է, թե սովորական մարդկային մի ժպիտ է, ի՞նչ կա որ…Դուրս արի փողոց, ու հարյուրավոր այդպիսիք կտեսնես:Ու թող քեզ չթվա, որ չեմ փորձել:Բայց ինչպե՞ս բացատրեմ, որ միմիայն քո ժպիտն է, որ ինձ դարձնում է աշխարհի ամենահարուստ մարդը: Այն կարող է տևել մի ակնթարթ, բայց նրանից մնացած տպավորություններն ու հիշողությունները մխրճվեն ուղեղիս մեջ, ներծծվեն արյանս մեջ ու հավերժանան՝արևելով սիրատոչոր հիշողություններիս կածանը:
Քո ժպիտը՜՜…Այն, որ հանգստացնում է ինձ ամենալարված պահերին: Այն, որ արևի ջերմություն է փոխանցում սառած հոգուս, և որ ամենաազդու հակաթույնն է , որ բնությունը երբևէ ստեղծել է իմ թշվառ հոգու փրկության համար:
Ու գիտե՞ս, թե ինչն է սարսափելին.այն, որ ես չեմ կարող գնել քո ժպիտը, մուրալ այն, փոխ առնել ժամանակավորապես կամ գողանալ: Այդ դեպքում կարծում եմ, որ այն կկորցնի իր այնքա՜ն հզոր լինելու նշանակությունը: Երբ դու ինքնակամ չես նվիրում այն՝ բաց սրտով:…
Թանկագինս…Իսկ գուցե այս անգամ առատաձե՞ռն գտնվես քեզ այնքա՜ն շատ սիրող անձիս նկատմաբ…
Նվիրի՛ր ինձ քո ժպիտը…
Ն. Ավագյան
10.05.12թ.