Մտապատրանք
Մութ է…
Կանգնած եմ հոսանուտ գետի լայնբաց պռունկին…
Կեռնեխների ճռվողյունից արթնացած լուսինը
Չի էլ ցանկանում գլուխը հանել իր ամպածրար, տաքու՜կ անկողնուց…
Ի՞նչ շրշյունակերպ ասեկոսներ են հյուսվում ականջիս…
Քամի՜ն է պատմում խոտերմ ծաղիկներին,
Թե ինչպես էր գետը ժպտու՜ն գալարվում
Անհոգի քարերի մոխրաթաղ ոտքերի տակ…
Ծաղկած ջրուռիներն էլ խստամբեր վեհությամբ
Սեթևեթում են իրենց ճյուղերին ապավինած ճնճղուկների հետ…
Իջնում է բոսորագույն շղարշը կոպերին օրվա…
Ինչ-որ տեղ՝ մի տան գողտրիկ անկյունում,
Տա՜ք բուխարիկի աչքերի առաջ,
Գինու գավեր են անհագո՜ւրդ պարպվում:
Ծանոթ մեղեդու հոգեհմայի՜լ ելևէջները
Դանդա՜ղ լցվում են դարսիդարս ծրարված հոգիների մեջ…
Ինչ-որ տեղ՝լռի՜կ հիշությունների քողի մեջ կորած
Դեգերում է մի մերժված զգացմունք:
Ինչ-որ տեղ՝ խորանի մոմաբույր ստվերում
Մեղքեր են ծնվում, ու նաև մեռնում…
Կյանքն ընթանում է քարտեզագրված իր արահետով…
Ամե՜ն ինչ շարժման մեջ է…
Մահվան պաշտամունքի կուպրաներկ մոլագարության
Եվ գալիք ծնունդների կրակի՜կ հույսերի մեջ…
Լսու՞մ ես՝ ծառերի երակներով անգամ
Ցանկասիրության քաղցուն է հոսում՝
Ինչպես լինում է գարնանամուտին՝ խո՜ր քնից հետո…
Ինչ-որ տեղ՝հեռվում, անձրև է ծնվում՝
Հոգու լիարժեք դատարկվելու պես,
Իսկ ինչ-որ տեղ էլ այդ նույն անձրևը դադար է առնում՝
Աչքերից հոսող ցողաշիթերի ցամաքելու պես…
Աստղկա գիշեր, ու ես սպասում եմ՝
Հույսերս խառնած աշխարհիս երգին,
Թախիծս նետած երախը քամու,
Հուսամ՝ չեն խփի հերթական վերքին…
Տարտամ մտքերը վանում եմ ինձնից,
Կառչելով օդում թևածող երջանկության այն միա՜կ ոտքից…
Մյո՞ւսը…չեմ տեսնում…
Ծառի վասվասո՜ւն շառաչն եմ լսում,
Որով այպանում, ծանակում է ինձ…
Նախ՝ իմ սեփական հևոցն է գալիս՝
Երջանկությո՜ւն է…Հաստա՜տ է…
Արձագանքում է ծառը իր հեռվից՝
Գժվե՞լ ես, ինչ է, նա անարմա՜տ է…
Սթափվում եմ նորից իրականության ու ստի լացից՝
Կյանքի խելահեղ շրջապտույտում,
Կենդանի տրո՜փ, ձիերի դոփյու՜ն,
Հոգու խլրտոց ու ջրի ճողփյուն…
Գամված եմ ահա անընդհա՜տ շարժման
Հուզաշատ կետում.
Հայացքս՝մեխած անկենդան հեռու՜ն՝
Մինչ ի մյուս կյանք, մինչ անհայտություն…
Ն. Ավագյան
16.05.15