Մանուկն ու աշունը…
-Ոսկե աշու՜ն, հեզի՜կ աշուն,
Դու տխու՞ր ես, ասա, ինչու՞…
-Ինչպե՞ս լինեմ քեզ պես ժպտուն,
Քեզ պես հրա՜շք մանուկները
Ինձ չեն սիրում…
-Չեն սիրում քե՞զ,
Դու ի՞նչ գիտես:
-Կյանքի փորձն է ինձ ցույց տվել,
Երբ խաղից եմ նրանց կտրել…
-Աչիկներդ շա՜տ են թասուն,
Բայց բարի են, նաև խոսու՜ն…
-Հենց այդ թասուն աչիկներից
Անձրևն է հորդում առա՜տ,
Ես զրկվում եմ արցունքներից,
Բայց և ջրում հողը պարարտ…
-Ափսո՜ս, թաց է լինում դրսում,
Մենք մեր բակում էլ չենք խաղում…
-Եթե միայն դու իմանաս՝
Ի՜նչ կարևոր գործ եմ անում,
Ախր չէ՞ որ խաղի տեղակ
Հողի ծարավն եմ հագուրդում…
-Աշու՜ն, բայց քո անգութ քամին
Մերկացնում է մեր բալենին…
-Հասկանում եմ, փոքրի՛կ իմ լավ,
Քո պահանջը ճիշտ է, հարկա՜վ,
Բայց բնության օրենքները
Փոխել, ցավո՜ք, ես անզոր եմ…
-Աշուն նախշու՜ն, հոգեհմա…
-Փոքրիկ բալիկ, ասա՜, ասա՜…
-Ես չեմ ուզում, մի՛ հեռանա…
-Ես կգնամ, բայց կգա նա՛…
Ճերմակաթև, քիչ սառնաշու՜նչ,
Կվերանան տերյանական
Աշնան շշո՜ւկ, շրշյուն, մրմունջ…
Տաք սավանը իր կփռի,
Կերգես երգեր Ամանորի…
Ձմեռ Պապին քեզ կգա հյուր,
Ընծաներով գունեղ ու բյուր…
Ձնագնդի ու ձնեմարդ
Քե՛զ են սպասում, ա՛յ փոքրիկ մարդ…
Դու թախծու՞մ ես…
-Այո, քեզ պես…Դու մեռնո՜ւմ ես…
Էլ չեն լինի մեր պուրակում,
Գույներ պե՜ս-պես…
-Ա՛յ իմ փոքրիկ, ես չե՛մ մեռնում,
Ես պարզապես հեռանում եմ
Մինչև հաջորդ սպասվա՜ծ աշուն…
Կանցնի ձմե՜ռ, գարու՜ն, ամա՜ռ,
Հենց որ պապը իր հետ բերի
Հյութեղ մրգեր՝անթի՜վ, անսպա՜ռ,
Հենց որ ծառի փոքրիկ շիվը
Քիչ կոշտանա ու սևին տա,
Հենց սրթսրթան տերևները
Ձեր հի՜ն ծառի ճյուղի վրա,
Հենց արևը քեզ բարևի,
Բայց էլ չայրի առաջվա պես,
Ուրեմն ես հյուր եմ եկել,
Իմ ներկերով՝ վա՜ռ ու պես-պես…
Շուտ դուրս կգաս՝ողջագուրվենք,
Իմ գունագեղ գորգի վրա
Թավալգլոր իրար գրկենք…
-Գնա՜ս բարով, քնքու՜շ աշուն…
-Մնաս բարով, խելո՜ք տղա,
Հա՜, հա՜, հա՜, հա՜…
Ն. Ավագյան
17.11.14