Մեր կյանքի առաջին իսկ րոպեներից ստեղծագործում ենք յուրաքանչյուրս…Կամա թե ակամա սկսում ենք գրել: Ամեն ոք գրում է իր կյանքի գիրքը: Գրում ենք, իհարկե, ո՛չ նույն խորությամբ: Մեկը՝ գեղեցի՜կ ու սահուն, գրեթե անսխալ, եթե հաշվի չառնենք որոշակի ջնջումները: Մյուսի մոտ այնքան էլ լավ չի ստացվում՝ձեռագրի տգեղության, կամ էլ կյանքի ուղղագրությունը ժամանակին լավ չսերտելու պատճառով: Գրում ենք, գծո՜ւմ, նորից գրում…
Սակայն ինչպիսի ստեղծագործող էլ որ լինենք, անկախ ժանրից, որի մեջ ստեղծագործում ենք(լինի դա կատակերգություն, ողբերգություն թե դրամա),միևնույն է՝ժամանակի հետ էջերը լցվում են տառաշարերով: Ոմանց մոտ նույնիսկ ուշագրավ գաղափարներ են ծնվում: Հետաքրքիր է ստեղծվում կյանքի գիրքը: Այն սուր երաժշտական հիշողություն ունի…
Բայց պատահում է նաև, որ չափից ավելի սխալներն ու ջնջումները քողարկելու համար գտնում ենք հեշտագույն մի ձև. Հեռացնում ենք գրքի արդեն գրված էջերից…Չենք ջնջում մի քանի տող և փորձում ճշգրտել մեր սխալները: Մի ամբո՜ղջ էջ…Հանգիստ պոկում ենք և դեն նետում: Այնուհետև արդեն բավարար կենսափորձով սկսում ենք նոր էջից՝մաքուր, գեղեցիկ, ինքներս մեզ խոստանալով, որ զգույշ կլինենք,և այս անգամ ամեն ինչ կստացվի:
Չեմ ժխտի, գուցե այս ամենից հետո իրոք ստացվի մաքրամաքուր և խորիմաստ տողերով լրացնել մյուս բոլոր էջերը, սակայն մի բան հաշվի չենք առել…Որքա՜ն էլ մաքուր լինի էջ հինգը, այն երբեք չի դառնա էջ երեք…Պոկված էջի տեղը միշտ բաց կմնա…Իսկ գիրքն այդ՝ հաշմված…
Ուրեմն, եկեք ոչ թե անխնա սխալներից հետո հանգիստ պոկենք ապրված էջեր և սկսենք նոր էջից, այլ ամեն անգամ, գրիչը ձեռքներս վերցնելուց ու խզբզելուց առաջ մտածենք, ի մի բերենք մեր մտքերն ու հարցնենք ինքներս մեզ, թե ինչով ենք պատրաստվում լցնել այն գրքի էջերը, որը մեզանից հետո թողնելու ենք մեր հաջորդներին՝որպես ժառանգություն…Չէ՞ որ յուրաքանչյուր բացակայող էջ նախորդն է հաջորդի և հաջորդը՝նախորդի…Իսկ ամեն մի նախադասությունը՝հորինված մեր կողմից, վերջն է մի էջի և սկիզբը մյուսի…Ինչպե՞ս կարելի է շղթան կրել պարանոցին՝ մեկընդմիջված օղակներով…Ինչպե՞ս կարելի է խեղաթյուրել այն հրաշքը, որ ինքներս ենք ստեղծում…Եկեք գրենք այնպես, որ հաջորդները կարդալու բան ունենան…Թե չէ որքան էլ փորձենք թաքցնել՝Ճշմարտությունը միշտ էլ կգտնի միջոցներ ինքն իրեն բացահայտելու համար…
Ն. Ավագյան
17.11.14