Երբ հանդարտվեն քամիները
և լազուրը սքանչանա,
արբունքահաս իմ ցասումից
ոչ մի կաթիլ չի մնա….
Անցած ուղիս
Չեմ ուզում այսօր քայլենք կամ զրուցենք՝
Ամեն օրվա պես…
Թող ուրիշ լինի մեր այսօրը…
Արի խաղանք…գնդակ…
Ինչպե՞ս….Լուսինը մեզ կօգնի…
Մեր խաղի ընթացքում հաջողված
հարվածների թիվը
ուղիղ համեմատական կլինի
Մեր ապրած երջանիկ պահերի քառակուսու
Եվ չկայացած հանդիպումների
խորանարդի գումարին…
Երկա՜ր կձգվի մեր այսօրը…
Ն. Ավագյան
08.06.15
Այսօր լուսաբացն ուրիշ էր՝
այն ավելի շատ
հարթություն էր հիշեցնում՝
օրվա խմորման սկզբնակետով,
քան ինչ-որ քառակուսի…
Արևի մի շող իր վարձիգ կեցվածքով
մխրճվեց ուղիղ աչքերիս մեջ՝
փակ կոպերիս տակ…
Արթնացա՜…
Անքամի՜ առավոտը պարածածկել էր
սենյակս լույսով…
Այն նման էր թափանցիկ գավաթի՝
բյուրեղային ջրով լեցուն…
Սուրճի բույրն այսօր այգուց էր գալիս…
Ինչ որ բան փոխվել է անշուշտ…
Այսօր չեմ զգում ինձ կաղապարող
քառակուսին…
Այսօր սենյակս արևը ներծծած
տաք պատերի գայթակղիչ բույր ունի…
Այսօր խմորումներն ուրի՜շ են…
Բարի՜ առավոտ…
Ն. Ավագյան
07.06.15
Ես սպասել եմ այս վառ օրվան,
Կյանք ես մտնում, դու՝ անաղա՜րտ պարմանուհի,
Ես ապրել եմ քո կայացման ճամփաներում,
Սատար եղել թևումներիդ,
Իմ մայրական զգայուն հոգով
Փարվել ամե՜ն հոգնած օրվադ նուրբ կոպերին…
Ես սպասել եմ, ինչպես բոլոր մայրերը սուրբ,
Ես հպարտ եմ քո գոյությամբ,
Քո աննկուն, հզոր կամքով,
Որ առաջ է քեզ միշտ մղում…
Այնքա՜ն քնքուշ հոգուդ խորքում
Որքան ուժ ես դու ամբարել՝
Ես լավ գիտեմ…
Դու՜…իմ զավա՜կ…
Եղիր առողջ, ու ո՛չ միայն ֆիզիկապես…
Ներաշխարհդ օծիր կյանքի քա՜ղցր բույրով,
Եվ ընթացքիդ կյանքի բոլոր ուղիներով
Իմ օրհնանքը թող խթանի…
Սիրում եմ քեզ….
Հայոց երկրի իմ նրբագեղ պարմանուհի…
Ն. Ավագյան
22.05.15
Նա չկա
Երկինքը ինձ հետ թախծում է՝
Մի կաթիլ այս արցունքը վկա,
Ցավը հոգուս մեջ քարանում է,
Իմ ավագ ընկերը՝ նա չկա՜…
Ապրելը ասե՜ս ծանր բեռ է,
Ներկա էր, անցյալ է հիմա,
Ինչու՞ այս աշխարհն այսքա՜ն կեռ է՝
Իմ ավագ ընկերը՝ նա չկա՜…
Գնում ես ու մութ է, մու՜թ է, մու՜թ է…
Հավատն ընկրկել է մի պահ,
Խորհում ես՝ ամեն բան սու՜տ է…
Երեկ կար, այսօր նա չկա՜…
Ն. Ավագյան
20.05.15
Իմ շա՜տ սիրելի Ռուզաննա Գասպարյանի հիշատակին…
Համբերանքս
Համբերանքս առ պռունկ է,
Լիքը գավ է,
Հոգիս վիրավոր կռունկ է,
Սրտին՝ ցավ է,
Թոնրում թխած այդ ի՞նչ երգ է,
Ա՜խր, հում է,
Դեռ խոյանքին չընտելացած՝
Սա հարկադիր վարթևում է…
Անուրջներիս բյուրեղային
Աղերսները առ հավատս՝
Նվաղում են,
Զանգակատան զարկերակի
Տրոփները խլանում են…
Հուրհրատող մայրամուտը
Մոտենում է…
Այն ամենը, ինչ կար երեկ,
Ի՞նչ է, սու՞տ է…
Ջահս վառ է, սակայն շուրջս
Մո՜ւթ է, մո՜ւթ է…
Մեր օրերի հին հմայքը
Գողտր կանչ է…
Սակայն գիշերն այսօր կրկին
Հոգուս նման վայրահաչ է…
Ն. Ավագյան
12.05.15
Նա մի՜շտ ինձ համար
Թափանցիկ լազուրն էր սադափի՝
Իր մարգարտափրփուր ալիքների
Տարերային խոլությամբ՝
Հզո՜ր, անմեկի՜ն…
Իմ արփավետ անուրջներն
Ամե՜ն լուսաբացին
Նրա ջրերում էին սպանում
Իրենց մարմինների
Քուղը հոգնության…
Նրանում էին փարատվում
Խավարներն իմ հոգու,
Նրա անհու՜ն կապույտի շուրթին էր
Արյունն իմ խաղաղվում…
Այսօր ես առաջին անգամ հասկացա,
Թե որքան է հեղհեղուկ
Արճճանման հարթությունը ծովի՜…
Եվ թե նրա մառի՜ հանդերձանքի տակ
Քանի՜ անկենդան սիրտ է հանգրվանում…
Ն. Ավագյան
05.05.15
Սրաչ աստղերի
Նուրբ հրախաղը,
Նանիս թախծալի
Իրիկնատաղը,
Օրորում են ինձ
Մանկության գրկում…
Տես՝շամանդա՜ղը,
Թանձրացած այնպես,
Հոգուս պատերն է
Շղարշել անտես…
Իսկ բառախա՞ղը,
Որ տարել է մեզ
Սիրո աշխարհը…
Տեսնես՝կլինի՞
Ա՜յ, այս ամենը
Այսօր և վաղը…
Թե՞ խոթալեցուն
Հորձանքը կյանքի
Ինձ գիրկը կառնի,
Կպոկի ծառից…
Հանդարտ կհանգչեմ
Գրկում մայր հողի,
Ու կտրորեն ինձ
Ոտքերի տակ,
Անսիրտ օրերի
Երախում վայրագ,
Ահա այն դուռը…
Վերջի՞նն է տեսնես,
Մառամրմուռը՝
Լուռ ու մահատես…
Եվ ծովակրակ
Աչքերը նրա,
Ինչու՞ է հառել
Ա՜յն դռան վրա…
Իրիկնամուտ է…
Քնքուշ աստղերի
Նուրբ հրախաղը,
Մեր բառախաղն
Ու այն շամանդաղը՝
Կլինե՞ն վաղը…
Թե ա՜յ, այն դուռը…
Մահասարսուռ է…
Ն. Ավագյան
30.04.15
Իմ աշխարհ արի՜, արի իմ այգի՜,
Այնտեղ ապրում է ծպտված կարոտ,
Եվ երջանկություն՝ անլու՜ր, անմեկի՜ն…
Ծառերը այնտեղ թա՜վ են, հարաճու՜ն…
Նրանք կենսական ջրով են սնվում,
Արմատը՝հողում, որ պարարտվում է
Ապրված հույզի բրածոներով…
Այնտեղ դու նրանց զարկերակների
Տրոփն ես զգում…
Այնտեղ ջերմում է բնությունը խենթ
Ձմեռվա կեսին,
Տաք է ճակատը փետրվարների,
Օգոստոսների հրակեզ սրտից
Զուլա՜լ, սառնորակ առվակ է ցայտում…
Իմ աշխարհ արի՜, արի իմ այգի՜,
Այնտեղ ապրում է ծպտված կարոտ,
Եվ երջանկություն՝ անլու՜ր, անմեկի՜ն…
Ու՝բա՜վ է ուզես…
Քեզ էլ կհասնի նրանից բաժին…
Միայն թե հպվիր կանչող մղլակին ,
Բաց արա դուռը ու ոտքդ դիր ներս….
Ն. Ավագյան
01.04.15
ՀՈՒՅՍԻՑ՝ ԼՈՒՅՍ
Մարդասիրական վե՜հ ավետումով
Հույսից լույս քամեք ձեր հոգիներին,
Հետո նվիրեք լույսն արարչագործ
Մարդկանց, լեռներին, ծաղիկ ու ծառին…
Ջրեցեք տոչոր հոգիները ձեր
Մի բուռ բարությամբ,քնքուշ մի բառով,
Թրջվեն թող նրանց արմատները չոր
Մի շուրթ ծիծաղով, մի արցունք լացով,
Կվերադառնա կյանքում անպայման
Այն, ինչ նետել եք դուք՝բումերանգով…
Թե չեք մտածում ձեր կյանքի մասին,
Ազատեք պատժից ձեր զավակներին,
Ախր, մենք գիտենք, նաև շատ անգամ
Նրանք են տալիս կյանքին պատասխան…
Մի հատ պոկել եք՝ տասը տնկեցեք,
Չոր է արմատը՝ դուք մի զլացեք՝
Իսկույն ջրեցե՛ք,
Հենց փարթամանա՝ ծառի պտուղից
Առաջինն, անշուշտ, պիտի օգտվեք…
Այս բարի՜ լույսի մե՜ծ ավետումով
Հույսից լույս քամեք ձեր հոգիներին,
Մի շող ձեզ պահեք, մյուսն անաչառ
Բաշխեք աշխարհի՜ն, բաշխեք աշխարհի՜ն…
Ն. Ավագյան
16.03.15թ
ԴՈՒՔ ԼԱՎՆ ԵՔ, ՄԱՐԴԻ՜Կ
Գրկեմ աշխարհի ծովերն անհատա՜կ,
Մի բուռ ես խմեմ, մյուսը ձեզ տամ,
Քաղեմ պտուղներն այգուց մրգառատ,
Մեկը համտեսեմ, հազարը ձեզ տամ:
Թևեմ հեռունե՜ր, արևը գրկեմ,
Մի շողը միայն բանտեմ իմ հոգում,
Նրա շառափը դարսիդարս անեմ,
Ու տեղավորեմ մարդկան սրտերում:
Մթա՜ր երկնքից աստղերն հավաքեմ,
Իմն ինձ հետ մնա, մյուսը բաշխեմ,
Հարավի բույրը երբ հյուրընկալեմ,
Մի կում ես շնչեմ, մյուսը ձեզ տամ:
Քաղցր դյութանքը սիրառատ երգի
Իր թա՜վ գանգյունով երբ իջնի ունկիս,
Դաշնակեմ երգեր մենահամերգի,
Մեկն ինձ նվիրեմ, մյուսը ձեզ տամ:
Ջերմագին խոսքեր պեղեմ մարդկության
Հեռու՜-հեռավոր արշալույսներից,
Նրանցից չքնաղ մի մանյակ հյուսեմ,
Կախ տամ մարդկության մերկ պարանոցից:
Ամեն լուսայգին անցնեմ տնետուն,
Աղերսեմ ծիծա՜ղ, սեր ու բարություն,
Ամենը պահ տամ հոգուս գզրոցում,
Շուտ դառնամ այնտեղ, ուր ինձ են սպասում,
Լիաթոք մի լաց, մի ժպիտ ապրեմ,
Մյուսը ձեզ տամ, ձեր սիրտը շահեմ:
Դուք լավն եք, մարդի՜կ, դուք լավն եք այնքա՜ն՝
Ձեզ երջանկացնեմ, ես երջանկանամ.
Ձեզնով հիանամ, ձեզնով լիանամ…
Ն. Ավագյան
15.03.15
Իմ վա՜ռ հուշեր
Իմ վա՜ռ հուշեր, դուք՝ անմարմի՜ն,
Երազի պես անցա՜ք, անցա՜ք,
Փայփայում եմ Ձեզ մտովի,
Որ իմ հոգում հավերժանա՜ք:
Հի՜ն օրերի քաղցրաշիթ երգ,
Դեռ հիմա էլ ունկս շոյու՜մ,
Կյանքիս անդարձ ակնթարթներն
Ու՞ր ես այդքան դու ամբարում:
Իմ վա՜ռ հուշեր, հոգեթրթի՜ռ
Թևումներով անդա՜րձ անցաք,
Ինձ թողեցիք խոցո՜ղ թովչանք,
Ձեզ հետ տարաք մի ամբո՜ղջ կյանք..
Իմ վա՜ռ հուշեր, դուք՝ անմարմի՜ն,
Անուրջի պես անցա՜ք, անցա՜ք,
Ետկեսօրյա տապով եկաք,
Քամու թևով անհետացա՜ք…
Ն. Ավագյան
17.01.15
Հուշերգ
Աչքերիս խորքում վա՜ռ գծագրված
Մի տուն է գողտրիկ, այգի ու մառան,
Սրբատաշ քարեր՝խիստ ավանդական
Վարդագույն հևքով շնչում են, ահա՜,
Փոքրիկ մի լճակ, որն իր աչքերում
Երկնքի լազու՜ր արտացոլանքն է
Սիրով փայփայում,
Մի փոքրիկ նավակ՝ լճակի սրտում:
Հանդում աշխատող հայորդու աղոթք՝
Մեղմացած ջրի խշշո՜ւն ծփանքից,
Զանգերի ղողանգ, որ ամեն ծեգին
Հասնում են ունկիս զանգակատնից…
Այգի եմ հիշում՝ Ի՜նչ բարեխնամ՝
Ծառերի ճկված ճյուղերի երգից կռացած մի քիչ,
Սակայն հյուրասեր, սակայն գրկաբաց,
Ու նաև շոյված պապիս աչքերի խո՜ր գորովանքից:
Մառանում, հսկա տակառների մեջ
Եռացող գինու բուրմունք եմ լսում,
Դռան մղլակը, որ ամեն անգամ
Պապիս երգերի ձայնով էր բացվում:
Փայլարադրվագ սեղանն եմ հիշում,
Որ կշտացած էր երգ ու ծիծաղից,
Մեր բակում՝ թրծած այն կավե խոշո՜ր
Թաղարի վրա հիշում եմ փոքրիկ
Մի ճնճղուկի. նա չէր վախենում,
Հացն իր ուտում էր պապիս ձեռքերից,
Փոխարենը՝ մե՜ղմ կտցհամբուրելով
Ափերը նրա…
Հիմա երևի իր ժառանգներն են
Ապրում մեր բակի թաղարի վրա:
Բայց ի՞նչ են ուտում, և ու՞մ ձեռքերն են
Սիրով համբուրում, երբ պապս չկա:
Հյուսածո խսիրն ու ջրի հայելին,
Ընթերցման ժամերն անմոռանալի,
Սրբատաշ քարով մեր տունն ու այգին,
Այնքա՜ն հարազատ, բայց անդառնալի…
Հիմա այն այգու ծառի մի ճյուղից
Մի բուռ կարոտ է կախված օրորվու՜մ,
Իսկ տան մերձակա լճի ծփանքից
Նրա հուսահատ երգն է խլանում:
Բայց լսում եմ ես…
Իմ հուշերի մեջ վա՜ռ գծագրված
Այն տունը գողտրիկ կարոտ է երգում…
Ն. Ավագյան
Հիմա գիտեմ
Ինչ էլ որ լիներ՝ արժեր ապրելը,
Արժեր արթնանալ արևի գրկում,
Եվ լուսնի թևին արժեր քնելը,
Հարազատ դարձած բանուկ փողոցում
Խենթի պես երգելն ու թափառելը,
Կյանքով արբեցած թարմ օդ շնչելը,
Թեկուզ և նրա խիստ թանձրությունից
Երբեմն հանկարծ շնչահեղձ լինելը:
Ինչ էլ որ լիներ՝ արժեր ապրելը,
Զավակ լինելու բերկրությունը զգալ,
Իսկ հետո նաև ծնող լինելը,
Արժեր ատելը, արժեր սիրելը,
Կյանքի մոլեգին դարավանդներին
Երբեմն կտրուկ վերելք ապրելն
Ու նաև ընկնելը,
Միշտ ճիշտ լինելն ու նաև՝ գայթելը:
Արժեր բնության թևով թևելը,
Ապրել ամառը, ապրել գարունը,
Աշունն իբրև թագ գլխին հագնելով՝
Արժեր ընթանալ դեպի խո՜ր ձմեռը:
Արժեր բաց վերքից խիստ տառապելը,
Արժեր թաց աչքից լու՜ռ արտասվելը,
Արժեր կես շուրթով ,բայց ամբողջ հոգով
Լավ ծիծաղելը, արժեր ներելը…
Արժեր բովանդակ աշխարհը սիրելն
Ու նրան հոգուդ մեջ ամբարելը,
Արժեր լույս խմել աստղալից թասից
Հետո տաք շնչով խավարը ցրելը…
Թեկուզ և անսպաս, կամ էլ
Շա՜տ սպասված մահը վրա գար՝
Արժեր ապրածի քաղցր հուշերով
Լցոնված հոգիդ լու՜ռ ավանդելը՝
Առանց տրտմության, արժանապատի՜վ…
Թեկուզ և գիտենք, որ վերջը նույնն է՝
Ինչ էլ որ լիներ՝ արժեր ապրելը…
Արժեր ապրելը…
Ն. Ավագյան
10.01.15
Եղերերգ
Լու՜ռ է, սարսուռ է…
Մերկապարանոց ծառերի լացը
Շոյում է ունկս տխրերանգ երգով,
Ամեն բան եղած, վաղու՜ց անցած է,
Չեմ սնում հոգիս սի՜ն պատրանքներով:
Թախծի ծյուրանքը ահագնացել է,
Էլ չի մոլեգնում լուսայգը հոգիս,
Ամեն բան եղել, վաղու՜ց անցել է,
Հուշերիս բեռն եմ կրում ուսերիս:
Գետն էլ վարարել, ճամփան կորցրել է,
Ինձ պես թափառում ծառերի ստվերում,
Փնտրում է նրան, ով լու՜ռ անցել է,
Հավերժացել է հոգուս աչքերում…
Ես ունեցել եմ իմ խոյանքները,
Իմ անկումներն եմ մերթ-մերթ ունեցել,
Գուրգուրոտ կյանքի մուգ թավիշները
Միշտ ուժ են տվել, երբեք չեն գետնել:
Բայց դա էլ անցավ…Հիմա ուրի՜շ է…
Դալար կանաչին զմրուխտյա դաշտի
Էլ չի պարուրում կյանքի բերկրանքով,
Ոչ էլ լազուրը անամպ երկնքի,
Որ փարվում էր ինձ մայրական գութով…
Ամեն բան եղած, վաղու՜ց անցած է,
Եղա՜ծ, չեղածը չեն խաչմերուկվում,
Իմ պատմությունը անվերադարձ է,
Նա հեռանում է և օտարանում…
Էլ չի կախարդում անհայտ գալիքը,
Չի թովում հեռվում լսվող մեղեդին,
Ինչպե՞ս ընդունեմ ակնկալիքը,
Երբ հոգուս հեռու՜- հեռավոր խորքում
Դանդա՜ղ փտում է կյանքիս անշունչ դին…
Եղածը եղա՜ծ, անցածն անցյալ է,
Մահն է հառաչում կյանքի ակոսում,
Իսկ իրականը հույժ թվացյալ է
խո՜ր գիտակցության անհատակ ծովում…
Լու՜ռ է…Սարսուռ է…
Ն. Ավագյան
12.12.14
Ա՜խ, այս ժպիտը…
Ա՜խ, այս ժպիտը…
Նա մե՜ծ մատնիչ է,
Երբ հոգիս՝պատված
Զու՜սպ երջանկության
Քնքուշ շղարշով,
Թրթռում է լուռ…
Եվ զսպաշապիկ,
Ավա՜ղ, հագցնել
Չեմ կարող նրան՝
Որքա՜ն էլ ջանամ…
Այդ նույն ժպիտը…
Այո՛, հենց ինքը,
Նաև փրկի՜չ է,
Հայտնվում է
Այնպե՜ս հանկարծ,
Թե հոգուս մեջ
Թախիծ կա, լա՜ց,
Լու՜ռ սրբում է
Աչքերս թաց,
Եվ իմ երկու
Այտափոսում
Վեր սլացող
Կորագծեր է
Խզբզում՝
Հմու՜տ այնպես,
Վարպետորեն…
Հետն էլ քթի տակ
Փնթփնթում, թե՝
Ամո՜թ է…
Իմ ժպիտը…
Եվ մատնիչ է,
Եվ փրկիչ է…
Բայց այն իմն է…
Իմ ժպիտը…
Ն. Ավագյան
27.11.14
Հարգանքս շռա՜յլ է…
Իմ հարգա՞նքը՝ շռայլ է շա՜տ…
Ես հարգում եմ բորո՜ր նրանց,
Ովքեր ոտքով չեն հարվածում վայր ընկածին,
Հարգում եմ ես նաև նրանց,
Ովքեր սիրով ու ջերմությամբ
Տուն են կանչում մոլորվածին…
Հարգանքին են իմ արժանի
Նրանք, ովքեր մե՜ծ հարգանքով
Պատվում են հո՜ւյժ ծերացածին:
Պատիվ ունեմ ես հարգելու այն երեսը,
Որ տոկացե՜լ, դիմացել է պինդ հարվածին,
Եվ այն ձեռքը, որ տեղին է միշտ հարվածել…
Հարգանքին են իմ արժանի այն ոտքերը,
Որ չեն լքել տիրոջն իրենց ճամփի կեսին,
Հարգում եմ ես այն աչքերը,
Որ շղարշվում կոպերի տակ,
Պիրկ փակվում են ինքնըստինքյան՝
Հանդիպելիս պիղծ ու չարին,
Եվ բացվում են ժամանակին՝
Լույս բաշխելու կուրացածին…
Հարգում եմ ես և այն լեզուն,
Որը ազգ է ապրեցնում,
Հարգում եմ ես խո՜ր լռություն,
Որն ավելին է մեզ ասում…
Հարգում եմ ես մատները խեղճ,
Թե որ մորն են, ու ճրագ են որդոց ճամփին,
Հարգում եմ ես բառերը այն,
Որոնք հոգի են ջերմացնում,
Թե վառելիք չլինելուց
Պապանձվել է օջախը հին…
Ես հարգում եմ խրատը հոր,
Եվ այն որդուն, որ կրողն է այդ խրատի,
Ես հարգում են ջուր ու ջրհոր,
Ախր նրանց արդար ձեռքով
Ինչ-որ ծարավ պիտ հագուրդվի…
Հարգում եմ ես բարու երթը,
Որ ժպիտով հաղթում է միշտ,
Հարգում եմ ես և այն երգը,
Որ սփոփում է թախի՜ծ ու վիշտ…
Ես հարգում եմ այն երկինքը,
Որտեղ ոչ թե հոգիներն են հավերժ ապրում,
Այլ ճախրում են թռչունները՝ դեռ կենդանի,
Եվ որ տունն է բորբ արևի…
Ես հարգում եմ և այն հողը,
Որտեղ պիտի խաղա՜ղ հանգչեն
Եվ ծնվածը, և ծնողը…
Ես հարգում եմ այն հարգանքը,
Որ փառահեղ ավարտ ունի,
Եվ այն սերը, որը ոչ մի սահման չունի…
Ես հարգում եմ ամենը այս,
Բայց քեզ, իմ խե՜նթ, ես սիրում եմ…
Ես հարգում եմ և այդ սե՛րը…
Շա՜տ եմ հարգում…
Ն. Ավագյան
20.11.14
Ամեն ինչից մի քի՜չ, մի քի՜չ,
Ատելություն, սեր ու թախիծ,
Հարգանք, զրկանք ու ճոխություն,
Համառություն, հանդգնություն,
Խոհեմություն, համեստություն,
Լավը վատից, թացը չորից
Տարբերելու ունակություն,
Անսահման գութ, կորով անսանձ,
Այս ամենը՝ մի ես-ի մեջ,
Մի բացթողում ունեմ միայն,
Հոգուս խորքում չկա նախանձ…
Ես տարված եմ, ես անհույս եմ,
Հույժ կարևոր հատկանիշն այդ
Ցավո՜ք, չունեմ…
Բարի մարդիկ, գուցե օգնե՞ք,
Ում մոտ շատ է՝ Վաճառեցե՜ք…
Վաճառեցե՜ք…
Ն. Ավագյան
14.11.14
Անժամանա՜կ են…
Իմ ժամանակի հեռացումները
Անժամանա՜կ են,
Քի՜չ անանցյալ են և քի՜չ աններկա,
Իմ ժամանակի հեռացումները
Հավերժակա՜ն են,
Անսահմանափա՜կ և անապագա՜…
Մտորումներս անանձնակա՜ն են,
Ետդարձի ճամփա,ցավո՜ք, էլ չկա,
Իմ ժամանակի հեռացումները
Անժամանա՜կ են,
Իսկ հեռացումի ժամանակները
Հաստատ դեռ կգան…
Ես գնացյալ եմ, իմ ժամանակը՝
Հավերժի վկան…
Ն. Ավագյան
08.11.14
Երկու կյանք չունեմ, այս մեկն է իմը,
Այստեղ են ապրում և նորը, և հինը,
Չկան դիմակներ, պարզ է ամե՜ն ինչ,
Դրվագներ ուժեղ, հուզառատ, դյութիչ…
Թե հայտնվել եք հանկարծ իմ կյանքում,
Ձեր դիմակներն էլ հանեցեք իսկույն,
Թե հարկավոր է բարձր ծիծաղել՝դուք մի հապաղեք,
Այդպես է նաև, երբ ցանկանում եք գոռալ կամ լացել…
Ինձ մոտ բեմ չկա, և կամ ետնաբեմ,
Նկարված ժպիտ, նկարված արցունք,
Սցենարով գրված խոսքեր՝միշտ խոհեմ,
Առավել ևս՝ բեմական հագուստ…
Չեմ կաղապարվել երբեք ձևի մեջ, որը իմը չէ,
Եղել եմ հենց ես՝պարզ ու անըստգյուտ…
Չունեմ ես կյանքեր, այս մեկն է իմը,
Այստեղ՝ կողք-կողքի, նորն է ու հինը՝
Գրքի ապրված էջերի նման…
Իսկ կարդալ նրան՝
Կարող է միայն մեկ կյանք ունեցող,
Առանց դիմակի, լավ ընթերցողը…
Ն. Ավագյան
05.11.14
Պարզ եմ միշտ եղել, սիրով առլեցուն,
Բաշխել ամենքին խինդ, ուրախություն,
Իմ անցած ուղին հարթ չէ միշտ եղել,
Ահա թե ինչ եմ կյանքում ես սերտել՝
Արցունք չեմ ուզում Ձեր աչքին տեսնել,
Կյանքում չեն լինում վիճակներ անել:
Թե հանկարծակի գոցվում է դուռը,
Հիշեք՝ միշտ բաց է Աստծո մատուռը:
Թե հույսի ծիրը մենք բաց չթողնենք,
Մի բաց պատուհան անշուշտ կգտնենք:
Եկեք սպասողի աչքերով նայենք
Այդ պատուհանից ներս, և ոչ թե դուրս…
Ն. Ավագյան
17.10.14
Իմ խենթ հոգին…
Ցրտից դողում, կուչ է գալիս,
Անթեղվում է իմ մերկ հոգին,
Բորբ արևից ընդարձակվում,
Պար է գալիս իմ խե՜նթ հոգին…
Անհանգրվան գիշեր ու զօր
Սեր է երգում իմ բուխ հոգին,
Կարոտ տալիս, համբույր առնում,
Գիրկն է կանչում իմ ծո՜վ հոգին…
Թացուկ ճամփին հախուռն կյանքի
Ոստոստում է, մանրավարգում,
Մերթ անձրևի պես հուսահատ,
Մերթ հպարտ է իմ խև հոգին…
Ե՛վ լողում է կենաց ծովում,
Ե՛վ երկնքում անհոգ ճախրում,
Օծուն աչքը միշտ դեպ առաջ՝
Ապրում է նա՝ իմ վառ հոգին…
Ն. Ավագյան
20.09.14
Իսկ ի՞նչ չկար հոգուս խորքում…
Հոգուս խորքում գանձեր կային,
Մարգարիտներ ու սուտակներ,
Նաև անա՜նց ժայռեր կային…
Հոգուս խորքում երգեր կային,
Հեռակարո՜տ ու տենչալի,
Այնտեղ նաև սիրամռունչ վերքեր կային…
Հոգուս խորքում բառեր կային,
Ճառեր կային չարտասանված,
Եվ ցավալի համրություն կար հոգուս խորքում՝
Անձև, անգույն…
Ալետատան. խո՜ր լռություն,
Նաև անեղ ճիչեր կային
Հանց փայփայած հոգուս խորքում…
Արդարության ջահեր անմա՜ր,
Պատրանաթափ իղձեր կային,
Հույսի մոմեր՝վա՜ռ, անհամա՜ր
Հե՜գ խնկարկող հոգուս խորքում…
Հոգուս խորքում անանձնական
Խենթ ծարավը մե՜ղմ հագուրդող
Անապական ջրեր կայի՜ն,
Կային նաև անապատներ…
Կյանքեր, հույսեր, սերեր կային,
Ծով ու ծփանք, լաց ու ծիծաղ,
Հին էության նոր գոյություն…
Իսկ ի՞նչ չկար հոգուս խորքում…
Ն. Ավագյան
17.09.14
Մոտենում է հեռուներից,
Բայց հնչում է ուժգի՜ն այնպես,
Որ իմ կամոք, թե ակամա
Արթնանում է հոգուս խորքում
Մանուկն անհո՜գ, երջանկատե՜ս…
Հնչում է այն սիրող պապիս ազգանվագ հորովելով,
Կանչում է տուն հորս թավի՜շ, խրոխտ ձայնով:
Բարուրված է մայրիկիս թանկ խորհուրդներով,
Եվ տատիկիս հի՜ն գոգնոցի բույրը ունի:
Ինչպիսի՜ բույր…
Այն դաջվել է հոգուս պատին,
Համեմունքն է ասես կյանքիս:
Սուրբ մեղեդին իմ մանկության,
Որ տատիկիս մեծ շերեփի,
Պապիս մուրճի զնգոցն ունի,
Շունչը ունի հեքիաթների,
Որ մասունքված մորս շուրթին
Թևում էին մու՜թ սենյակում,
Մանուկ աչքիս խո՜ր քուն բերում:
Մորս պայծառ, լույս խնկարկող
Հեգ աչքերի գույնը ունի:
Իմ մանկության լու՜ռ մեղեդին՝ հոգեպարար,
Որ ծորում է որպես մեռոն, աղոթք վարար…
Մեղեդին այս՝ թովի՜չ այնքան,
Թեպետ հոգում եմ իմ կրում՝
Անցյալին է այն պատկանում…
Հուշ է արդեն, կենդանի՜ հուշ…
Նարինե Ավագյան
01.06.14
Թող նա ապրի՜…
Թե արբենաս պիտի մի օր,
Թող բաժակիդ մեղմ շուրթերից
Երակներիդ բաց դռներով ներս սպրդա սիրո գինին,
Ոչ թե ցավի կամ դառնության:
Երակներդ թող պրկվեն
Անհնազանդ կծկումներից երջանկության:
Սիրտդ այնպես ընդարմանա,
Որ երազի քնքուշ թևին անվախ հառնի ու սլանա՜…
Դու չարգելես ճախրը նրա,
Թող թևածի իրականի սահմաններում,
Նրանից դուրս, ,
Թող աշխարհներ նվաճի նա,
Թող տառապի, հիվանդանա,
Անանց սիրուց թող խենթանա,
Գժվի մի քիչ…
Հոգ չէ՜, նորից կապաքինվի…
Միայն հանկարծ տե՜ս, չբանտես
Մութ սենյակի անշունչ խորքում
Սիրտը քո տաք…
Նա կոչված է փնտրումների
Հորձանուտում խենթ պտույտի,
Նա ծնված է, որ ապրվի, նաև՝ ապրի՜,
Որ զգա շունչը տաք արևի
Նաև սաստիկ ցրտից կուչ գա:
Հենց այդպես է դառնում հասուն,
Երբ ուրախ է, կամ էլ թասուն:
Դու չհոգաս նրա մասին այնպես ուժգին,
Որ նա մնա տարանջատված ու մեկուսի…
Լսո՞ւմ ես ինձ, թո՛ղ նա ապրի՜…
Թո՛ղ նա սիրի…
Սիրտ չբանտե՛ս…
Խնդրո՜ւմ եմ քեզ…
Նարինե Ավագյան
01.05.14
Իմ ոտքե՞րը…Ոտքեր չեն սոսկ, որոնք կյանքում
Շա՜տ-շատերին ծառայում են միայն որպես
Փոխադրման անդուլ միջոց:
Նրանք տոկու՜ն, բայց ո՛չ բեկուն խոյակներ են,
Որ կրել են իրենց մեջքին և կրում են
Հեգ մարմնիս ծանրությունը, հոգսը անա՜նց.
Եվ ի՞նչ եմ ես առանց նրանց…
Իմ ձեռքե՞րը… Զուտ ափեր չեն, որտեղ
Պարզմիտ մահկանացուն անցած ուղին է իր փնտրում
Ափագծված կածաններում:
Իմ ափերը՝ նրանք խորու՜նկ ջրհորներ են,
Որ խոհաբար ամբարում են մորմոքներն իմ ու խինդերը:
Իսկ բառե՜րս կույտեր չեն սոսկ վանկ ու տառի,
Նրանք վերքեր ու երգեր են,
Ճախրուն մտքեր ու խոհեր են,
Որ չեմ ասել ժամանակին,
Հասունացե՜լ, դարձել են գիր…
Թեկուզ հիմա և կայծեր են,
Բայց ջահեր են վառ գալիքի:
Նրանք հոգու մասունքներ են,
Որ ծնվում են բացառապես տառապանքից ու գրգանքից:
Իմ թախիծն ու մորմոքները,
Թախանձանքն ու հորդորները,
Այս ամենը բառեր չեն զուտ մտացածին,
Նրանք ապրա՜ծ ու ապրված,
Նաև կորցրա՜ծ , բա՜ց թողնված
Թռչունների փետուրներն են, որոնց
Կյանքի իմ վանդակից արձակել եմ ժամանակին:
(Հետո թեկուզ կարոտել եմ, փափագել եմ նրանց կրկին):
Նրանք հոգու վա՜ռ հույզեր են,
Լուսածագ ու գիշերներ են,
Որ ապրել է և ապրում է իմ խենթ հոգին:
Զետեղված է ամբողջը այս իմ մարմնում,
Որին խոհե՜մ ծառայում են ոտքերը իմ,
Եվ ափերս՝ գրկած դեմքը ծարավ կյանքիս:
Խենթ բառերս մերկ շուրթերիս հանդերձանքն են.
Այստեղ հոգիս՝
Ապարանքից ներաշխարհիս դուրս է գալիս:
Ես նրանց եմ ծնունդ տալիս՝
Երգիս, վերքիս, խինդ ու լացիս:
Այս ամենը սոսկ եղած չէ՝
Աներևույթ, սովորակա՜ն,
Այս ամենը իմ խև կյանքն է.
Այս ամենը ես եմ, որ կամ…
Նարինե Ավագյան
16.05.14
Երկարամյա այն գործարքին,
Որ կնքել ենք միմյանց միջև՝ անստորագիր ու անկնիք,
Մնացել ենք հավատարիմ արդեն քանի՜-քանի՜ տարի:
Դու ինձ՝ ցտեսություն, ես քեզ՝ բարև,
Դու ինձ՝ լուսին, ես քեզ՝ արև,
Դու ինձ՝ գիշեր մու՜թ ու ստվերոտ,
Ես՝ առավոտ՝ ծաղկաթերթի բույրով շաղոտ:
Դու ինձ՝ դռներ ամու՜ր փակված,
Ես՝ սիրառատ ու գրկաբաց:
Դու ինձ՝ ծարավ, ես՝ արբեցում,
Դու ՝ ոգու քաղց, ես՝ հագեցում:
Դու ինձ՝ փշրանք, ես քեզ՝ նշխար,
Դու ինձ զնդան, ես՝ բաց աշխարհ:
Դու՝ ավազան՝ քարպատնեշված,
Ես քեզ՝ օվկիան՝ վեհ ու անսանձ:
Դու ինձ՝ բաժակ, ես քեզ՝ սափոր,
Դու ինձ ՝ մի դույլ, ես քեզ՝ ջրհոր,
Դու ինձ երաշտ, ես՝ անձրև:
Դու՝ ոգեթափ մտագարում,
Ես՝ պարզասիրտ բացահայտում:
Դու ինձ՝ բառեր գունդուկծիկ՝
Մեկ ուրիշի տաղարանից,
Ես՝ մեղեդի քեզ ամոքիչ՝
Մի երգ ծորու՜ն՝ նոր բառերով՝
Գրված հատուկ ես-իդ համար:
Դու ինձ՝ խարխուլ, հի՜ն ավերակ,
Ես քեզ՝ տաճար, լու՜յս ու խոյակ:
Դու ինձ՝ թասուն մտապատրանք,
Ես քեզ՝ կյանքի խորի՜ն բերկրանք:
Եվ այսպես միշտ. քանի՜ տարի…
Իսկ ո՞վ շահեց այս գործարքից:
Ես , միշտ տալով , լու՜ռ սպառվեցի,
Դու ո՜ւմպ առ ումպ հարստացար,
Եվ մենք կրկին հայտնվեցինք
Եզերքներում անհավասար…
Նարինե Ավագյան
09.05.14
Մոմված շուրթերով փորձեցի երգել,
Երգն այնպե՜ս հնչեց, որ ազդու ձայնից
Ամպը սարսափեց, ապա ծվարեց մեջքին արևի…
Կապված ձեռքերով փորձեցի գրել,
Ծնվեցին բառեր, որ խոհեր դարձան…
Գոց ականջներով լսել փորձեցի,
Ձայնդ ինձ հասավ ավելի ուժգին,
Քան լսել էի նրան երբևէ…
Փակված աչքերով տեսնել փորձեցի,
Եվ ինչե՜ր տեսա,
Հոգուս տաճարում Աստծուն հյուր եղա,
Բա՜ց սիրտս տեսա…
Գամված ոտքերով փորձեցի քայլել,
Ոտքերս թմրած շնչեցին հանկարծ,
Այնպես տագնապով տեղից պոկվեցին,
Ասես վարգեցին, սլացան առա՜ջ…
Տխրաբեկ հոգիս ցանկացավ կրկին
Մանել սպասումի ծիածանագույն կծիկը մեր հին,
Նրա յոթնալույս թելերից ոսկի երազներ հյուսել,
Եվ կենաց ծառի շյուղին ներհյուսել…
Վաղու՜ց էր արդեն, ինչ չէր ուզեցել…
Բայց հենց խենթ հոգիս ապրել ցանկացավ,
Իմ արբունքահաս ընդարմացումից այնպե՜ս հեռացավ,
Ասես վերացա՜վ…
Բառը, որ պայթեց բողբոջի նման,
Երկունքի ցավով շրթունքս ճաքեց,
Ա՜խր նա ծնվեց, և հասո՜ւն ծնվեց նա միանգամից…
Շղթաները իմ մերկ բազուկների պաշտոնանկ եղան,
Քայլերս դանդա՜ղ փոխվեցին վազքի,
Հետո ինքնակամ գետնից պոկվեցին,
Եվ վարգի տեղակ գրկեցի թռի՜չք…
Մարդի՜կ, ես կրկին ցանկացա ցանկալ,
Հոգուս հեռավո՜ր խորքերը նայել,
Լուսավորության ջրերում լողալ,
Ժխտման հատակը նաև թափանցել…
Կրկին ծովային զմրուխտի մեջից
Մամռապատ, ողորկ քարերի տեղակ,
Սկսեցի շենշող մարգարիտ փնտրել…
Որդեգրեցի պահանջը սիրո,
Եվ նորից հասավ իմ ականջներին
Մեր զանգակների ղողանջն հեռավոր…
Պատրանքներս սին ես թոթափեցի,
Նախաամպրոպյան քամին մե՜ղմ փչեց,
Կույր ցասումը իմ վերածվեց լացի, նաև ծիծաղի,
Երբ հոգուս աչքը վերստին թացվեց…
Հոգիս խոնջաբեկ ընթացավ հեռու՜, նա սկսեց երգել…
Ի՞նչն էր խթանը անսպաս քաոսի՝
Ընդամե՜նը ես ցանկացա ապրել…
Ցանկացա ապրե՜լ…
Նարինե Ավագյան
30.04.14
Կյանքի անզուսպ օվկիանոսում իմ նավակը երկրածին,
Քամու թևով անհաստատուն, հոսանքով կամ դեմ հոսանքին,
Հզոր կամքի առագաստը բա՜րձր պարզած դեպի երկինք,
Ճեղքում է հանց ալիքները մորմոքների:
Ու գնում է, անցնում հպարտ ծովածոցը խենթ մանկության,
Հետո ծովակն ու օվկիանը իրար կապող այն նեղուցը,
Որ կոչվում է ջահելություն…
Ընթանում է միայն առաջ, ետ շարժվել նա չի կարող,
Լողում է մերթ ունայնության հորձանուտում,
Մերթ մրցում է շուրջը եղած նավերի հետ,
Կրկին հաղթում, կամ պարտվում:
Ջրի հոսքը՝ խռիվ այնպես, գալարում է նավն իմ կյանքի,
Մերթ քեզանից, մերթ դեպի քեզ…
Մերթ ծփում է ծովը կյանքի անմեկնելի հանգստությամբ,
Մերթ ալեբախ հեծկլտոցը տատանում է հպատակին:
Երբ կախվում է նավի գլխին հուսալքման տենդ ցավագին,
Կյանքի կոչող անզուսպ քամին՝ պտտահողմիկ իր թևերով,
Առաջ մղում, ուժ է տալիս անզորացած ու խեղճ նավին,
Նա ոգեսթափ մոլեգնությամբ երերում է ջրերի մեջ հասունության,
Մինչև հասնի՝ եթե հասնի՜, խո՜ր օվկիանը գորշ ծերության…
Ու թե հասնի, ի՞նչ կմնա դեռ, եթե ոչ օվկիանում այդ խորտակվելը…
Նարինե Ավագան
27.04.14.
Թու՜, ինչքան բան կա կյանքում ատելի,
Ես չգիտեի՜…
Պ. Սևակ
Սիրելի է ինձ տնակը մեր հին,
Մե՜ղմ քչքչացող գետակի ափին:
Սիրելի է և ՛ ակնաթով այգին,
Ե՛վ լուրթ երկինքը զվարթ գարունքին:
Սիրում եմ անգամ քարերը բակի,
Փոքրիկ շնի՛կն է նույնիսկ սիրելի:
Սիրելի են ինձ մարդի՛կ հարազատ,
Ընկերնե՛րս խենթ, գործե՛րս կիսատ:
Սիրելի է ինձ կյանքը սքանչագե՜ղ,
Բնությունը խենթ՝ ծաղկունքով գունեղ:
Սիրում եմ օրս՝ ներկա և գալիք,
Չունեմ անցյալիս ո՛չ պարտք, ո՛չ տալիք:
Մակընթացություն ես չեմ նկատում
Իմ կյանքի զուլա՜լ, խաղացկուն ծոցում:
Ինչպե՞ս չսիրեմ իմ կյանքը, ասա՛,
Մի՞թե մոգական պարգև չէ լոկ նա…
Ա՜խ, որքան բան կա կյանքում սիրելի՜…
Ես չգիտեի~…
Նարինե Ավագյան
13.04.14
Իմ ոտքե՜րը, այո, նրա՜նք,
Ուղեկիցն են իմ հարազատ ամբո՜ղջ կյանքի,
Գործընկերն ու դաշնակիցը,
Լու՜ռ պահապանն ու հսկիչը
Ամենաբարդ ճամփաների, որ անցել եմ ես իմ կյանքում:
Իմ ոտքերն ու նրանց թողած ոտնահետքը…
Անջնջելի մի դաջվածքով
Ընդգծում են անցած ուղիս:
Թե անգայթ է եղել ճամփաս,
Թե ուզել եմ կրկին անցնել արահետը,
Բախտ է եղել միայն կյանքում
Այնտեղ հստակ գծագրված ոտնահետքս:
Սայթաքել եմ թե կյանքում ես,
Թե դրել եմ ոտքս այնտեղ, ուր քարոտ էր ու խոթուբոթ,
Ոտնահետքս չի ջնջվում,
Եվ իմ ամեն սխալ քայլը
Այդ խարանված ոտնահետքն է հիշեցնում:
Նա՝ այդ խորթը, որի համար
Հանդիսացա գայթած ճամփի այն անցորդը,
Որ այսուհետ ջանք է թափում
Կրկին չընկնել ջրափոսը,
Ու շրջանցել անհնազանդ,
Անզուսպ կյանքի խե՜նթ քաոսը:
Ոտնահետքս… Սա է միայն
Միշտ աննահանջ հետապնդում:
(Իմ ստեղծածը կարգվել է գլխիս իշխան,
Սխալներս է երեսովս տալիս մեկ-մեկ,
Թեկուզ չնչի՜ն կամ աննշան):
Արդեն նույնիսկ կասկածում եմ՝
Ոտնահե՞տքն է սկզբում եղել,
Ստիպել ոտքին դրվել իր մեջ
Հենց նրանո՛վ կաղապարվել,
Թե՞ ոտքերն են նախ արարվել,
Ապա հետքը՝ որ վկան է անցած կյանքի:
Նարինե Ավագյան
13.04.14
Երբ մարել են հույսերը սին,
Ես՝ համառս, ես վառել եմ կրկին նրանց
Իմ սպասումի սուրբ մոմերո՜վ,
Իմ ծիծաղո՜վ, աչքերով թաց:
Երբ լսել եմ հեռացումիդ քայլերն արագ,
Ես սպասել եմ,
Եվ դիտել եմ նրանց որպես
Մոտեցումի փառահեղ քայլք:
Դու եկե՜լ ես…
Երբ ձմեռն է իջել նորից
Հոգեբնակ իմ երգերին ու վերքերին,
Ճերմակաթև փաթիլների բուժիչ շնչով
Վերքերը իմ սառեցրել եմ,
Եվ թաղել եմ ամառներում իմ խանդակաթ:
Իսկ երգե՞րս…
Նրանք շնչել ու հնչել են…
Երբ ատել են մարդիկ միմյանց,
Ես սիրել եմ՝ ինձ ու նրանց,
Ես ճախրել եմ, երբ բոլորը
Համարել են արդեն վաղու՜ց
Խենթ թևերը իրենց կտրած:
Հարվածել են, ես շոյել եմ,
Չեն զղջացել, ես ներել եմ,
Երբ չեն կանչել, վանել են ինձ,
Ես՝ քմահաճ ժպիտ դեմքիս,
Ես եկել եմ, նվեր բերել
Մի բաժակ սեր ու մի թաս խիղճ:
Երբ բոլորը զվարճացել,
Ես տոկացել ու տքնել եմ,
Անիծել են երբ շատերը
Կյանքը ունայն ու դժվարին,
Ես սիրել եմ և ապրել եմ…
Գոռացել են, ես երգել եմ,
Նրանք քանդել, ես շինել եմ,
Հույսը կորցրած ու վշտաբեկ՝
Եղած գործը թերի թողել, հեռացել են,
Ես՝ համառս, ջանացել եմ:
Կիսատ թողած ճամփան կյանքի
Իրենց սպասվող շենշող փառքի,
Քար ու փոշուց խիստ վախեցած՝
Ետ են դարձել, ես քայլել եմ,
Եվ հարկ եղած դեպքում նույնիսկ
Վազել եմ ես, բայց հասել եմ…
Ես ա-պ-ր-ե-լ եմ…
Չեմ երազել վաղվա մասին,
Եվ տանջվել արդեն անցած
Խենթ օրերի սին վերհուշով:
Չեմ երազել, ես գործել եմ,
Միշտ չէ, որ եղել եմ ճիշտ,
Կյանքում նաև ես գայթել եմ,
Դա է օգնել ինձ տարբերել
Լավը՝ վատից, ճիշտը՝ ստից:
Եվ իմ արած ոչ մի գործից
Չեմ դժգոհում բնավ հիմա,
Գոհ եմ եղել միշտ իմ բախտից,
Չեմ քարկոծել բնավ նրան:
Եվ սիրում է իմ բախտը ինձ՝ իսկ ես նրան…
Հենց այսպես էլ չենք երազում, ապրում ենք հաշտ,
Ես՝համառս, ու սքանչագործ իմ խենթ բախտը…
Նարինե Ավագյան
13.04.14