Քո բույրը…Այն իմը դարձավ,
երբ առաջին անգամ արցունքի մի կաթիլ
աչքիցս պոկվեց,հանգրվանեց պարանոցիդ…
Ծառերն այսօր քո օծանելիքով են
ցողել իրենց պարանոցները…
Անձրևից հետո օդը քեզնով էր բուրում…
Ն. Ավագյան
Ես հետ կգամ՝հենց դու կանչես,
Ես հետ կգամ թռչնի տեսքով՝
Երկինքներից,
Երգի տեսքով՝ ծփան դաշտից
Կամ խոխոջով խենթ առվակի…
Միայն կանչի՜ր…
Ես կլինեմ ամենուրեք,
Արեգակի նուրբ շողերում,
Ծովի անզուսպ ալիքներում
Տաք անձրևի կաթերի մեջ…
Ես կլինեմ քո օրերում՝
Քո մտքերում,
Երազի մեջ,
Միայն կանչի՜ր…
Թեկուզ անձայն,
Թեկուզ մտքում…
Ես կլսեմ…
Ես հետ կգամ…
Ն. Ավագյան
19.06.15
Հիմա անզոր եմ՝ խեղճ ու կրակ բառերիս նման…
Բառե՞րս…Նրանք այլևս իմաստազուրկ են՝
ինչպես աշնանային ծառի չորացած ճյուղերը՝
կրակի երախում հայտնվելուց հետո…
Մոխրից ի՞նչ օգուտ…
Այն հիմա աղտոտում է միայն…
Ոչ-ոք չի էլ հիշում, թե նրանք ինչպես մոխրացան…
Իսկ նրանք ջերմացրել են այս ճանապարհին…
Ասում են՝ երբեմն լռությունն ավելի խոսուն է:
Փորձում եմ լռել…
Լսում եմ սեփական լռությանս հևքը,
զգում նրա տրոփը…
Բայց միայն ես…
Քեզ համար լռությունս արդարացված է…
Ես անզոր եմ՝լռությանս աղաղակների նման…
Ն. Ավագյան
18.06.15
Ես ցերեկն եմ քնում,
Որ ամբողջ գիշեր լայնբաց աչքերով
Նայեմ երկնքին,
Որ արթուն մնամ…
Ես վախենում եմ, որ պատուհանից
Հանկարծ հեռանամ,
Իմ երազանքը ասուպի տեսքով
Ընկնի ուրիշի արթուն ափի մեջ…
Իսկ եթե նա էլ ձեռքերն օճառելու
կարի՞ք ունենա…
Ավելի լավ է մրմուռն աչքիս մեջ ունենամ,
Քան սրտիս…
Ես այսօր կրկին արթուն կմնամ…
Ինչպես և վաղը,
Ինչպես ամեն օր…
Դու գնա քնի՜ր…
Ն. Ավագյան
13.06.15
Մի մարգարտյա ծաղիկ էր՝
Զմրուխտե այգում,
Լուսաբացին երգում էր,
Հետն էլ՝օրորվում…
Քամին իր թևին առած՝
Վարսերն էր շոյում,
Ամպի ծվենը նրան
Ջուր էր միշտ բերում:
Ճերմակ զգեստ կար հագին,
Ցողաշաղ էր, սիրու՜ն…
Արևն ամեն ծեգին
Այտն էր համբուրում…
Մենօր թիթեռը դարձավ
Ընտրյալը նրա,
Հենց թիթեռը չքացավ՝
Թորշնեց նաև նա…
Մի մարգարտյա ծաղիկ կար
Զմրուխտե այգում,
Այնտեղ հիմա հեգ տղան
Սեր է որոնում…
Ն. Ավագյան
06.06.15
Ցուրտ է…
Բուխարու անկյունում կուչ եկած տկար մի բոց
Սկսում է ճարճատել՝ինչպես հուրը հողմածեծ…
Կարծես վարագույրը բացվում է
Եվ բեմ է դուրս գալիս կրքոտ պարուհին…
Անձրևը թմբկահարում է պրկված կտուրներն ու
Բամբասկոտ կնոջ նման հերթ չի տալիս
Օրվա հոգնությունն իրենց ուսերին առած ծառերի սոսավին…
Հանկարծ հասկանում եմ, որ սենյակում չեմ բնավ…
Կանգնած եմ, շուրջս անորոշություն է…
Մի կողմում արևի ծնունդն է, մյուս կողմում՝ մահը նրա…
Տարօրինակ է, բայց հաշտ են ապրում …
Խավարը ձուլված է լույսին,
Փակուղին փարվել է հույսին…
Ներքին վայելքով հենց ինքը՝ մահը,
Զիջում է տեղը հորդահոս կյանքին…
Ուրիշ է այստեղ ամեն-ամեն ինչ…
Ջրհորից բարձրացող անվադույլի ճռինչն ու
Բակով գլորվող տակառի գանգյունը
Սթափեցնում են ինձ…
Դու էլի կանգնած ես պատուհանիս տակ…
Դու ինձ ես սպասում…
Ն. Ավագյան
29.05.15
Ա՜խ, քիչ էր էլի՜…
Հոգիս հանեցի՜, տվեցի նրան,
Վրձնեցի կյանքին սեր անանձնական,
Ու քիչ էր էլի՜…
Մատներիս քնքու՜շ շոյանքը գրկեց,
Փայփայանքներս տրոփից զրկեց,
Ու քիչ էր էլի՜…
Խարիսխ ձգեցի անհոգի ափին,
Հանձնեցի սիրտս պիրկ բազուկների
անդուռ վանդակին,
Ու քիչ էր էլի՜…
Սպառվեցի անկիրք մոմալույսի պես,
Հեռացավ հանգի՜ստ, անլուր ու անտես,
Ու քիչ էր էլի՜…
Լռության ճիչը արցունքով օծվեց,
Ծվատված ցավը իր գիրկը բացեց,
Ու քիչ էր էլի՜…
Կարկամեց ժպիտն, ու լացը ցնծաց,
Լուսինը թախծիս մրմունջով տնքա՜ց,
Բայց քիչ էր էլի՜…
Ա՜խ, քիչ էր էլի՜…
Ն. Ավագյան
30.05.15
Անվերնագիր…
Տաք գույներով ներկված պատերին
Սառը ձեռքերիդ շոշափն ես թողել,
Արցունք է ընկել անկենդան վրձնին,
Ինչպե՞ս է, որ նա չի կենդանացել…
Կտավի վրա մոմեր են՝վառվա՜ծ,
Տեսնես՝ այդ ո՞վ է իր երազները
Հանձնել նկարչին ու լու՜ռ հեռացել…
Մոմաբույր խորան,մեղքով թաթախված
Մի զույգ ձեռքեր են վրձնին մնացել…
Տա՜ք առավոտն է վերստին բացվում
Իր ամենօրյա խե՜նթ ճարճատյունով,
Սառը բիբերիդ փշուրներն եմ զգում,
Հոգեցունց դողն է անհագուրդ վազում
Իմ՝ թեև դեռ ողջ, բայց մեռած մարմնով…
Կտավի վրա մի զույգ ձեռքեր են,
Եվ մոմակաթիլ՝տաք, բայց մահահոտ,
Տեսնես այն ո՞վ է՝հավատացել է
Անկենդան վրձնի հրաշքին սնոտ…
Ն. Ավագյան
28.05.15
Հոգիս թևավո՜ր է…
Նա մեր դռան մոտով անցավ,
Ծածու՜կ տանս նայեց,
Սիրտս այնպես անխո՜նջ թնդաց,
Հոգիս ալեբեկվեց…
Հանկարծ տեսա պատուհանից
Ժպտուն դեմքը նրա,
Խինդ էր գեղում յուր աչքերից՝
Անքու՜յթ, հոգեհմա…
Մի լուսալի՜ր, պարզկա երկինք
Ինձ պարգևեց օրս,
Նա մեր դռան մոտով անցավ,
Հոգիս թևավո՜ր է…
Ն. Ավագյան
20.05.15
Սպասումս
Կարոտու՜մ եմ, կարոտու՜մ եմ աչքերդ,
Որ հոգուս կիրճերն են մխրճվում,
Արձագանքս կրկնում է մտքերդ,
Սպասումս պատրանք է ծնու՜մ…
Ու կրկին տամու՜կ առավոտ,
Իմ գրկում թախիծն է ծվարում,
Օրերում մթնդա՜ծ ու ցավո՜տ
Առանց քեզ տեղս չեմ գտնում…
Սպասում է ինձ ցու՜րտ ճանապարհ,
Առանց քեզ, իմ հոգի՜, ու՞ր գնամ,
Քայլում եմ մոլո՜ր,անբարբառ,
Ես ինչպե՞ս քո սրտին տիրանամ…
Կարոտու՜մ եմ, կարոտու՜մ եմ աչքերդ,
Որ հոգուս կիրճերն են քանդում,
Արձագանքս կրկնում է մտքերդ,
Սպասումս զու՜տ պատրանք է ծնու՜մ…
Ն. Ավագյան
18.05.15
Լարախաղացը
Իմ սրտից դեպի նրանը
Մի բարա՜կ, անտեսանելի
Պարան էր ձգվում…
Նրա վրայով քայլում էր
Կյանք անունով լարախաղացը՝
Ետ, առա՜ջ…ետ, առա՜ջ…
Ինչպես էի սարսռում,
Երբ թեկուզ մի փո՜քր
Քամի էր բարձրանում…
Ոչ պարանն էր միայն իմը,
Ոչ լարախաղացը…
Այստեղ էր, որ հասկացա՝
Ինչ ասել է, թե՝Մեր…
Ն. Ավագյան
10.05.15
Միրաժ
Նայում եմ բա՜ց պատուհանից…
Այնտեղ՝հեռվում, շողարձակ աստղերի
Երջանկավետ գրկում թևածում են
Երկու հոգի՝
Կողք-կողքի,
Ձեռք-ձեռքի տված…
Լուսնի լույսը իր մենակարոտ
արձագանքն է գտել կեռ շեղբի վրա…
Խավարը փարատվել է…
Նոր-նո՜ր ծլարձակող հույսի
հյուլեներ են նշմարվում՝
Այնտե՜ղ, հեռվում,
Կողք-կողքի,
Ձեռք-ձեռքի տվա՜ծ…
Գարնանային մեղմ հովիկն
Իր շոյանքն է հասցնում նրանց՝
Օրորելով երկնի մգացած աչքերում…
Տեսնու՞մ ես…Սքանչագին այն պարը՝
Կաթնածո՜ր հորիզոնում,
Նրանց՝երկուսի,
Կողք-կողքի,
Ձեռք-ձեռքի տված…
Լսո՞ւմ ես….
Դեգերող հոգիների համանվագը…
Գեղեցի՜կ է…
Նայում եմ բաց պատուհանից…
Ա՜յ, տես՝ երկնքում առկայծում են
Նախալուսաբացի աստղերը…
Շտապի՜ր….
Շտապիր ինձ մոտ…
Ն. Ավագյան
10.05.15
Խոստովանություն
Այնքա՜ն վաղուց է՝
Չենք տեսել իրար…
Այնքա՜ն վաղուց է՝
Չենք ասել իրար,
Որ կարոտել ենք…
Իսկ կարոտե՞լ ես…
Դու հեռանալիս
Քեզ հետ տարել ես
Քեզատենչ հոգիս:
Ի՞նչ ես թողել ինձ:
Քեզազուրկ օրվա
Խեղճ պատառիկներ…
Հեռու ենք հիմա,
Ինչպես երկինքն ու
Հողե երկիրը,
Կրակն ու ջուրը,
Սևաչ խաղողն ու
Գինու մրուրը,
Ջութակի վերջին
անշունչ հևոցն ու
Խելա՜ռ կիթառի
Բամբ թրթռոցը…
Գուցե խենթ եմ ես,
Բայց դեռ սպասում եմ,
Ու քիչ է մնում
Հավատամ նորից,
Որ հետ ես գալու,
Քեզ հետ բերելու
Շողն արևգալի՝
Հագեցած սիրո
Խե՜նթ անուրջներով…
Ու թռչելու ենք
Մառե երկնքի
Սիրաշերտերում…
Ա՜խ, քիչ է մնում
Հավատամ նորից,
Որ կարոտել ես…
Ն. Ավագյան
01.05.15
Ու քո մատները կրկին կընկղմվեն
Մեղքորեն բորբոք իմ վարսերի մեջ,
Թրթռումները նրանց կգրկեն,
Կսուզվեն անանց վայելքների մեջ:
Մի ուրիշ երկինք կժպտա վերից
Կբացվի քո դեմ մի ուրի՛շ աշխարհ,
Հոգիդ՝խոնջացած տամուկ օրերից,
Կարթնանա գրկում իմ սիրածրար…
Եվ սիրո աննենգ տենչանքի ծովում
Խռովուն վայելք կծնվի նորից,
Կըեռա սիրո կարմրափայլ քաղցուն,
Կընբոշխնենք նրան կենաց տակառից
Մեր հին օրերի ուրվականներին
Չեմ ուզում որսալ խորանիս ստվերում,
Մենք հեռացել ենք մեր անցյալներից,
Բայց հայտնվել ենք միմյանց ներկայում…
Քո մատները տաք կրկին կդողան
Սիրով տոչորված խենթ օրերի մեջ,
Հույսեր կծնվեն, լույսեր կշողան,
Գիշերվա մթա՜ր հրայրքների մեջ…
Ասում են՝ սերը ապրում է այնտեղ,
Որտեղ սերերը երբեք չեն մեռնում…
Ն. Ավագյան
25.04.15
Պատահական հանդիպում
Բարև՜…Ե՞ս, լավ եմ…
Տխու՞ր եմ, բնա՜վ, ոչինչ էլ չկա,
Ամեն ինչ նույնն է՝առաջվա նման…
Սպասու՞մ եմ, բնա՜վ,
Ամենասպասված սպասելիքները
Սպառել են իրենց
Անորոշության հորձանուտներում,
Հիմա, նորընծա իմ սովորությամբ
Վաղու՜ց չեմ սպասում…
Զանգե՞լ եմ, բնա՜վ,
Նույնիսկ զանգերին չեմ պատասխանում…
Իմ հեռախոսի քնքու՜շ ՛՛Էլիզեն ՛՛
Հոգնել է արդեն…
Մի տեսակ շատ է նա անպատասխան
Լցնում առօրյաս…
Զնգում է, զանգում՝
Այնպես դասակա՜ն, այնպես մանրամա՜ղ,
Որ լսելիքս՝ շոյանքից արբած
Կողպեք է դառնում ձեռնաշղթայիս …
Հոգնե՞լ եմ, բնա՜վ,
Հոգնում են նրանք,
Ովքեր բարձրագոչ բառերից այն կողմ
Ոչինչ չեն անում…
Իսկ ե՞ս…Ես չափից դուրս զբաղված եմ հիմա
Հոգնելու համար…
Փոխվե՞լ եմ, բնա՜վ,
Առաջվա նման գարուն եմ սիրում,
Առաջվա պես մերկ՝ մրսում է հոգիս,
Ու զսպաշապիկ հագցնել նրան,
Ավա՜ղ, զորու չեմ…
Առաջվա նման
Ամենաչնչին ծիածանումից
Խնդում է հոգիս,
Առաջվա նման
Ամենաչնչին անդավությունից
Մեռնում է հոգիս,
Առաջվա նման խենթ եմ երևի,
Առաջվա նման՝ տեղի՜-անտեղի՜
Սիրում եմ ժպտալ մարդուն, աշխարհին…
Պատմե՞մ…Մի քի՞չ էլ…
Կարծես ասելու էլ ոչինչ չկա,
Նույնն է ամեն ինչ. գրքերս էլի
Թափված են անկոկ սեղանիս վրա,
Կարդում եմ էլի առաջվա նման
Դեռ մի քիչ էլ շա՜տ…
Մի բան թերևս…
Շատ եմ զրուցում
Հարազատ դարձած ա՜յն նկարի հետ…
Դու գնա, գնա՜՝չուշանաս հանկարծ…
Իսկ մանրամասներ կարող ես հարցնել
Սեղանիս դրված հենց ա՛յն նկարից…
Նա՞…Նա իմ մասին ամեն ինչ գիտի,
Հիմա առավել, քան թե երբևէ…
Դե՝ մնաս բարե՜վ…
Ն. Ավագյան
27/03/15
ՔՈՆԸ ԼԻՆԵՄ ՄԻԱ՜ՅՆ
Մի ամպ լինեմ անքայլ՝ գլխիդ վերև հառնեմ,
Ոսկեհնչյուն դայլայլ՝սիրով ունկդ շոյեմ,
Առվակ լինեմ զուլալ՝ քո օրերով հոսեմ,
Իմ ջրերը բերեմ՝ քո ջրերին խառնեմ…
Ոսկեծամիկ աշուն, ձմեռ լինեմ անբիծ,
Ամառ լինեմ թովի՜չ, ընծա բերեմ քեզ ինձ,
Հետո գարուն դառնամ, կյանքիդ նոր շունչ բերեմ,
Իմ նորընձյուղ երգով օրերդ գարունեմ…
Արև լինեմ անհո՜գ՝ սերդ վարդագունեմ,
Թե անձրև տեղա ու խառնվի լույսիս,
Երկնի լազուր սրտում անքույթ ծիածանվեմ ,
Նրան գունավորեմ յոթերանգով հույսի…
Քաշմիր շալի նման գիշեր լինեմ սևա՜չ,
Ամեն օրդ հանգչող ինձնով վերջակետեմ,
Հենց դու քնով անցնես,որպես լուսե երազ՝
Կոպերիդ տակ անցնեմ, նինջդ մեղմի՜կ հսկեմ…
Մարգարտաշա՜ր մանյակ, շողաչ ուլունք լինեմ,
Պարանոցդ գրկեմ, ամու՜ր կրծքիս սեղմեմ,
Մի արծաթվող հեքիաթ, ծորու՜ն մի երգ լինեմ,
Հոգուդ տանը ապրեմ, այնտեղ հավե՜րժ հնչեմ…
Ճանապարհիդ եզրին ծաղիկ լինեմ գարնան,
Մեղուն գիրկս իջնի՝հոգիդ խանդից թնդա,
Ծփա՜ն դաշտի սրտում անհո՜գ թիթեռ լինեմ,
Հետո համբույր դառնամ, գամ ու շուրթիդ հանգչեմ…
Մի սեր լինեմ, այն էլ՝ քոնը լինեմ միա՜յն,
Մի կյանք լինեմ վարար, հոգիդ ինձնով խայտայ…
Ն. Ավագյան
17.03.15
Ինձ հետ մնա այսօ՜ր…
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր,
Խելապատառ վազքի մեջ կյանքի,
Մղումով՝ կենսակա՜ն, անգիտակի՜ց,
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր…
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր,
Թևերին սիրո աննենգ տենչանքի՜,
Անձրևից ասղընտված քնա՜տ մայթերին,
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր…
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր,
Խենթ նկարիչի վրձնի միջամտությամբ,
Անցյալի հետագծով մոռացությա՜ն,
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր…
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր,
Գինու զգլխի՜չ անուշահոտությա՜մբ,
Լուսաճառագված օրոցքում սիրո՜,
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր…
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր,
Կտրվենք մթի՜ն ջրերի ճոճքին,
Հետո կհագնենք լույսը սրսփու՜ն,
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր…
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր,
Կդիտենք հրախաղն իրիկնամուտի,
Կդիմավորենք այգը ոսկեվա՜րս.
Մնա՜ ինձ հետ, ինձ հետ մնա այսօ՜ր…
Ինձ հետ մնա այսօ՜ր…
Ն. Ավագյան
14.03.15
Դու գնա՜, սեր իմ,
Զուր է հուսալը,
Որ հանկարծ մի օր
Քեզ բարիք կտա
Այդ ծանոթ ճամփան:
Դու մոռանում ես,
Որ նախքան այնտեղ
Բարիք փնտրելը
Ցանեի՜ր պիտի…
Դու՞…Դու դժգոհ ես
Բերքահավաքից…
Ախր, չգիտես՝
Բերքատուն, սեր իմ,
Ուղղակիորեն կախված է
Նրա բուն սերմնացանից…
Դու…Գնա, սեր իմ…
Ն. Ավագյան
25.02.15
Երբ լույս ծնվի…
Դու չգիտես սիրել հոգով…
Մեր պապերի՝<<Հոգի կուտամ հանուն նրա>>-ն
Դու զորու չես ապրեցնել:
Իսկ աչքերով, ձեռքերով մերկ
Չէ՜, չեն սիրում…
Այդպես միայն խիստ հանդուգն
Փորձ է արվում քարպատնեշել
Սերը, թե կա դեռ չպեղված խավարներում…
Դու այդպես էլ չընդունեցիր գոյությունը
<<Լույս>> ասվածի…
Ինձ պսպսղուն խոսքեր պետք չեն,
Ոչ էլ շոյանքն անշնչացած քո ձեռքերի:
Ինձ աչքերի գգվանք պետք չէ,
Թե չի ապրում ներսում հոգիդ…
Հիմա ընկած՝ դեսից-դենից,
Խելակորույս մուրացիկիդ
Դողդողացող ափերի մեջ
Դու փորձում ես հոգի գրկել,
Շունչ հավաքել, կենդանի՜ շունչ:
Իսկ եղա՞ծը…Ու՞ր ես թողել,
Ու՞մ ձեռքերում,
Ո՞ր սրտի տակ:
Ախր, ջա՜նս, առանց հոգի,
Հիմա ինչպե՞ս հոգիդ բացես,
Ինչպե՞ս սիրես,
Երբ կորցրել ես հոգիդ, հոգի՜ս…
Գուցե փնտրես հին օրերիդ
Կիսախարխուլ պահարանո՞ւմ,
Կամ ինչ-որ տեղ, մի թփի տակ…
Ես չգիտեմ՝ երբ մարմնից
Հոգին հանում՝
Ու՞ր են պահում…
Ախր, ջանս, ինքդ էլ գիտես՝
Հոգիների խաչասերում է հարկավոր,
Որ լույս ծնվի…Որ հույս դառնա…
Որ դառնա Սե՜ր…
Ն. Ավագյան
11.02.15
Թախծեղանակ
Ամպը ծանրացել հոգուս շրթունքին՝
Ստիպում է նրան պիրկ փակվել ցավից,
Գորշ թանձրությունը դժկամ երկնքի
Անգութ է այնպես ու անկարեկի՜ց…
Անիմանալի վե՜հ աշխարհներից
Ամպրոպն իր քինոտ ողջույնն է հղում,
Այն քարասալարկ հրապարակից
Հի՜ն ժամացույցի զարկերն են լսվում:
Գորշարծաթագույն լույսով մշուշված՝
Իմ ամենօրյա ճամփան է լալիս,
Իր հիշողության կծիկը քանդած՝
Տեսնես այն ու՞մ է նա բարև տալիս…
Այգանվագը ծանո՜թ է այնպես
Իր քաղցրաթախիծ մենախոսությամբ,
Խնկաբույր հովը անցել է անտես,
Խո՜ր, պատրանաթափ հուսալքությամբ:
Անխում գավաթը կծպծան գինու
Դավող մեգի պես ինքն իր մեջ փքվել,
Որդան կարմիրով արբելու տեղակ
Ու՞մ տառապանքն եմ ես որդեգրել…
Անպարագիծ է սպասումս հիմա,
Մինչ մի ժամանա՜կ սերն էր այդպիսին,
Ետդարձի ճամփա , ավա՜ղ, էլ չկա,
Զուր է սպասումն իմ, ցավն է անմեկին…
Ն. Ավագյան
12.02.15
Երկուսով էին, ա՜խ, մենակ չէր նա…
Երկուսով էին, ա՜խ, մենակ չէր նա,
Բայց ինչու՞ հանկարծ ինձ այդպես թվաց,
Ինչու՞ կարծեցի, թե պետք եմ նրան,
Այդ ի՞նչ ստրկությամբ սիրտս թրթռաց:
Մեր հայացքների հանգուցակետում
Մի ծանոթ անկյուն նշմարվեց հանկարծ,
Գողտրիկ մի այգի, ուր մենք երկուսով
Անրջում էինք ձեռք-ձեռքի տված:
Ի՜նչ թրթռուն էր երեկոն հուշիկ,
Անծանոթ կածանն իմ տունն էր հիմա,
Հոգիս՝ թարմացած խո՜ր գորովանքից
Փակել էր աչքը արթնամտության:
Հեռվից լսվում էր ձայն կարոտաբաղձ,
Մի թափառական երգիչ էր անցնում,
Հոգնած մատներով լարերից կառչած՝
Ջութակից մի նոր երգ էր աղերսում:
Գործիքը վերջին ուժերն իր լարեց,
Եվ լալահառաչ ձայնով՝ հեղակարծ
Գրոտեսկային մի մեծ հաղթարշավ
Իր նոր բողոքով մեր գլխին տեղաց:
Միաձուլվեցին անցյալն ու ներկան,
Լուսինն աստղերին իր համբույրն հղեց,
Աղեբույր քամին իր կայտառ ոգին
Ծովի եզերքից մեզ ընծա բերեց:
Սթափվեցի կյանքի բույրից իրական,
Թևանցուկ արած մի զույգ էր կանգնած,
Հիմա հասկացա, ա՜խ, մենակ չէր նա,
ի՛նձ այդպես թվաց, ինձ այդպես թվաց…
Ն. Ավագյան
27.01.15
Դո՞ւ… Էլ իմը չես
Դու՞…
Դու իմը չես՝
Ինչպես իմը չէ
Լուսնի մահիկը,
Երկնքի լազու՜ր
Հեռուների մեջ
Սահու՜ն լողացող
Ճերմակ ամպիկի
Ա՜յն պատառիկը,
Եվ կամ արևի
Քնքու՜շ շողիկը՝
Իր հեռուներից…
Իմը չես՝ինչպես
Վաղու՜ց իմը չեն
Աչքերիդ խորքում
Ծպտված փայլուն
Կայծերը լույսի,
Իմը չես՝ինչպես
Հոգուդ ամրոցում
Ամու՜ր փայփայված
Ջահերը հույսի:
Կարապի ճերմա՜կ
Պարանոցի պես
Էլ դու իմը չես,
Լճի կոհակվող
Ալիքների պես
Էլ դու իմը չես…
Ճաղերից այն կողմ՝
Ա՜յն բարեխնամ
Պարտեզի ներսում
Սիրով աճեցրած
Վարդերի նման
Իմը չես արդեն,
Գարնան հեռացող
Օրերի նման
Իմը չես արդեն,
Դու՜…
Դու իմը չես…
Ձմեռն է իմը՝
Իր երկարաշունչ
Ցուրտ գիշերներով,
Հուշերն են իմը,
Մտապատկերիս
Քեզ գծագրող
Մատիտն է իմը,
Նրանից ծնված
Քո ուրվագիծը,
Եվ ոչի՜նչ չասող
Խենթ լռությունը…
Դու՞…Էլ իմը չես:
Դու էլ իմը չես…
Ն. Ավագյան
30.12.14
Իմ խելա՜ռ ջութակ…
Իմ խելա՜ռ ջութակ,
Տխուր ես, դու էլ,
Ասես սեղմել են
Ամուր բռունցքում
Ձայնալարերդ,
Ու ինչ-որ մի ձեռք՝
Քեզ օտար այնքա՜ն,
Տնտղում է լու՜ռ
Քո ներաշխարհը՝
Մե՜ծ համառությամբ:
Վաղու՜ց չեմ զգացել
Քո թրթռոցը,
Ունկս չեն շոյել
Հոգուդ ճիչերն ու
Սրտիդ հևոցը…
Իմ խելա՜ռ ջութակ,
Էլ չի տրոփում
Երակներիս մեջ
Քո կարոտաբաղձ
Մե՜ղմ հեծկլտոցը,
Ինչու՞ չեմ կարող
Առաջվա նման
Քեզ գիրկս առնել,
Ու շոյել հանդարտ
Մերկ պարանոցդ…
Ա՜խ, դու լալիս ես,
Այնքա՜ն տրտմորեն
Նուրբ մատները իմ
Չեն փարվում բնավ
Հնչեղ լարերիդ…
Նվում է հոգի՜ս…
Իմ խելա՜ռ ջութակ,
Քո շուրթերից էլ
Լսվում է միայն
Սարսափ ու սոսկանք…
(դո՞ւ էլ ես կարծում,
որ ուշ է արդեն):
Բոլոր օրերիս
Լավագույն ընկեր,
Արի զրուցենք,
Առաջվա նման
Արի խենթանանք,
Ինքնամոռացման
Պահերին տրվենք:
Թող մատները իմ
Ձուլվեն հեզասա՜հ
Հոգուդ լարերին:
Արի՜ նվագենք:
Հեռվում՝ ջրափնյա
Այն ծառաբնին
Կռթնած հովիկը
Թող դաշնաձայնի
Մեր երազներին,
Թող հնչի կրկին
Ապրած օրերի
Ծանո՜թ մեղեդին…
Հոգուդ դյուրաթեք
Այն բավիղներում
Թող ես վերստին
Խաղա՜ղ թափառեմ,
Արթնացիր վաղը
Քեզ ծանոթ գրկում,
Թող սրտերը մեր
Կրկին կամրջվեն:
Դու ինձ մի՛ լքիր,
Մի՛ թող ինձ մենակ,
Իմ հոգու ընկեր,
Իմ խելա՜ռ ջութա՜կ…
Ն. Ավագյան
30.12.14
Տխրերգ
Սիրուդ գրգանքն է տենչում իմ հոգին,
Խեղդում է ինձ անա՜նց կարոտը,
Կրկին հիշել եմ մեր հի՜ն զբոսայգին,
Եվ սիրագորով այն առավոտը…
Սրտիս խորքերում երգեր եմ հյուսել
Այնքան դյութիչ է մեղեդին ծորու՜ն,
Իմ երազներում քեզ եմ նկարել,
Նո՜ւրբ ուրվագծել պատկերդ գեղուն…
Մեր հին իլիկը մանում է կրկին,
Նրա թելերից իմ տունն եմ հյուսում,
Քո շունչն է կախված տանս պատերին,
Իմ գողտրիկ այգին քեզնով է բուրում…
Ուրախ-տխուրը մեկտեղած իմ մեջ՝
Մեր նստարանն եմ կրկին որոնում,
Հավատով առլի ոտքերս անընդմեջ
Անավարտ սիրո հետքով են տանում…
Ես մոլորվում եմ իրականության
Վեհաշուք փառքի ինքնաբավ գրկում,
Եզերք փնտրելով համերաշխության՝
Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերում:
Քո պատուհանի լույսը երազկուն
Բացում է իմ դեմ այնպե՜ս մոգական
Մի նոր աշխարհի հրաշապատում,
Եվ գրկում է ինձ հույսն անիրական:
Քո հեռուներից փարվում է ունկիս
Այն հի՜ն մեղեդին՝ մեր սիրո վկան,
Ես՝ անէացած այդ ակնթարթում,
Սկսում եմ անսալ ձայնը հաշտության…
Սրտի թրթիռով սպասում եմ՝գուցե
Կարոտից խեղդված, տխրամած ինձ պես,
Դու էլ ետ դառնաս մեր հի՜ն զբոսայգին
Անսպաս հանդիպման ելքեր որոնես…
Գուցե դու էլ դեռ գալիս ես այգի,
Զրույց մեկնարկում մեր առվակի հետ,
Գուցե ինձ նման քունդ կորցրած՝
Քայլում ես այգում՝ մեկ առաջ, մեկ ետ:
Հավատով առլի ոտքերս անընդմեջ
Անավարտ սիրո հետքով են տանում
Մեր նստարանն էլ մենակ է հիմա,
Նա էլ, ինձ նման, գիշեր ու ցերեկ,
Կարոտից խեղդված՝ ճամփիդ է սպասում…
Ն. Ավագյան
21.12.14
Հանուն ինչի՞
Հանդիպեցին,
Սիրեցին հեղակարծ…
Ամենքն իր արտացոլաքն ու հոգին
Գտավ դիմացինի աչքերում՝
Հույսով վարագուրված …
Հետո՝ հուսալքում,
Արցունքներ,
Հեռացու՜մ…
Նախկինում Սեր կոչվածը
Անտարբերության
Մաղով էին անցկացրել,
Ու նրա մնացորդներն էին
Իրար մեջ բաժանում…
Ժառանգությունը ծանր էր,
Բայց քանի որ այդ
Ամպաբարո հարստության
Միակ տերերն էին՝
Հրաժարվել չէին կարող,
Ու՞մ պիտի թողնեին…
Մինչև հիմա
Դեմ առ դեմ էին կանգնած,
Հիմա՝ ողնաշարներն էին
Իրար նայում՝ զարմանքով…
Նախկինում իրար
Երբե՜ք չէին տեսել…
Փոխվել էր ամեն ինչ…
Ծիծաղը խեղդվել էր
Արցունքների,
Իսկ լացը՝
Թաց հռհռոցի մեջ…
Քրքմազգեստ արշալույսն էլ էր
Իր խորհուրդը կորցրել…
Ասես ոչ թե լույսի սկիզբն էր հիմա,
Այլ ընդամենը խավարի
Վերջնահատվածը, այն էլ՝
Կարճ ժամանակով…
Անպարագրելիորեն
Աղքատ էր ներսը…
Հոգևի՜ն ցանկանում էր
Կես վայրկյան առաջ
Դուրս գալ այդ եղտյուրից…
Ի՞նչն էր պատճառը՝
Երբեմնի ամենաթանկ
Էակի նկատմամբ
Ծայրաստիճա՜ն
Անտարբեր լինելու…
Չէր հասկանում…
Ընդունում էր եղելույթը
Որպես ճակատագրի
Պարտադրա՜նք…
Մի՞թե հանդիպե՜ց,
Սիրե՜ց,
Մոռացա՜վ՝
Վասն ոչնչի…
Հանուն ինչի՞…
Չկայացած
Ժառանգությա՞ն…
Ն. Ավագյան
20.12.14
Զուգահեռ ենք միշտ
Կամ ուղղահայաց…
Մեզ բաժին հասած
Ճակատագիրն էլ
Այդպես կամեցավ…
Միշտ իրար մոտի՜կ,
Բայց իրարից զատ…
Մոտիկ, բայց անջատ…
Կամրջի երկու
Եզրերի նման,
Գետի ափերի…
Թևերի թռչնի …
Դատապարտված ենք
Կամ նայել իրար
Կամ նույն ուղղությամբ…
Միմյանց գուրգուրո՜ղ,
Զո՜ւսպ համբերությամբ…
Չենք գրկի իրար՝
Ինչպես երբևէ
Իրար չեն գրկում
Միևնույն թռչնի
Թևերը երկու,
Ափերը գետի…
Եզրերը իրար
Կապող կամրջի…
Դատապարտված ենք
Ապրեցնել իրար
Մեր հեռուներից…
Զուգահեռ ենք միշտ
Կամ ուղղահայաց…
Մեզ բաժին հասած
Ճակատագիրն էլ
Այդպես կամեցավ…
Միշտ իրար մոտի՜կ,
Բայց իրարից զատ…
Ն. Ավագյան
13.12.14
Նկարը՝Նառա Ահարոնյանի
Էքսպրոմտ
Պատահե՞լ է, երբ զգացել ես,
Որ երկու մեկերի գումարը
Հավասար է մեկի…
Այսպիսով դու հերքել ես
Գիտությունը
Բոլո՜ր գիտությունների…
Երբ հասկացել ես,
Որ շունչդ կտրվում է
Առանց այն մեկի…
Երբ մեկ են եղել
Քեզ համար
Բոլո՜ր մեկերը,
Բացի այն մեկից…
Պատահե՞լ է արդյոք…
Երբ ձգողականության ուժը
Բացառապես
Մի ուղղությամբ է գործել,
Երբ տառապել ես,
Սիրուց խենթացել,
Բայց հասկացել,
Որ քո ուղին
Մեկ այլ ուղու հետ
Միայն մեկ հատման
Կետ ունի…
Եվ այդ կետը
Գիրկն է նրա…
Պատահե՞լ է…
Երջանիկ ես…
Ն. Ավագյան
25.11.14
Ես սպասում եմ…
Ես սպասում եմ…
Անհամբե՜ր…
Սպասում եմ՝
Սիրո ճրագը
Ափերիս մեջ առած,
Որ հարկ եղած դեպքում
Վառեմ բի՜լ երկնքում
Բոլո՜ր-բոլոր աստղերը հանգած…
Ախր, առանց նրանց
Դու չես գտնի հանկարծ
Քո՝ տունդարձի ճամփան…
Ես սպասում եմ…
Անհամբե՜ր…
Սպասում եմ՝
Ներկապնակն ու
Վրձինը ձեռքիս՝
Քո կտավի առաջ,
Որ հարկ եղած դեպքում
Գունազարդեմ նրան
Սիրաթաթախ վրձնի
Հազարերանգներով…
Ես սպասում եմ…
Անհամբե՜ր…
Եվ սպասում եմ սիրո
Երգը շուրթիս առած,
Որ հարկ եղած դեպքում
Ունկդ շոյեմ մեղմիկ
Հնչյուններով ծանո՜թ,
Եվ քնքշությամբ անա՜նց…
Մի քիչ ըմբոստացած…
Մի քիչ խոնարհ նաև…
Մի քիչ հոգնած գուցե՝
Բայց սպասում եմ ես դեռ…
Ն. Ավագյան
24..11.14
Ճայերի նմա՜ն…
Հիշու՞մ ես արդյոք՝
Մենք ճախրում էինք
Բա՜ց ծովի վրա՝
Խե՜նթ սիրահարված
Ճայերի նման…
Իրարով էինք
Ու իրար համար,
Սեր էր ընծայում
Մեր հոգիներին
Արեգակն անմար,
Եվ մայրամուտը՝
Մե՜ղմ, հոգեպարար
Փայփայում էր մեզ
Երկփեղկումներից…
Իրար մո՜տ էինք,
Իրար աչքերում,
Եվ նաև մեկս մյուսի
Լայնբա՜ց թևերի վրա…
Հիշու՞մ ես արդյոք
Ճախրը դյութական
Գողտրիկ աշխարհում,
Որ մերն էր միայն՝
Երկրից անջա՜տ,
Երկինք խոյացող,
Հուզական այնքա՜ն…
Ես թաքցրել եմ
Այն իմ հուշերում,
Իմ երգերում եմ
Թաքցրել ես այն,
Եվ մասունքի պես
Փայփայում եմ լու՜ռ…
Չէ, դու չես հիշում,
Թե որ հիշեիր՝
Հիշելու կարիք
Բնա՜վ չէր լինի…
Մեզ կվիճակվեր
Ապրել ամենն այս,
Իսկ մեր հույզերին՝
Ապրվել միայն…
Ն. Ավագյան
21.11.14
Դու եկել ես,
Կանգնել շեմքիս,
Մոլորության
Քողը դեմքիդ,
Որի տակից
Ինձ են նայում
Անհնազանդ
Ու մեղսակից
Աչքերը քո…
Ես չգիտեմ՝
Ինչպես վարվել,
Այնքա՜ն երկար եմ
Քեզ սպասել,
Գծագրել իմ մտքերում
Վերադարձդ…
Լու՜ռ տառապել:
Հիմա դու կաս,
Եկել ես դու,
Եվ հայացքդ,
Որն անզոր է
Ու խեղճացած,
Դուրս է մղում
Իր հատակից
Մեղքի պղտոր
Ջրերն անանց…
(քեզ թվում է՝
լաց ես լինում)…
Օվկիանոսը
Քո մեղքերի
Պաշարում եմ
Ափերիս մեջ…
Անէացած ու
Վերացած
Իրականի
Սահմաններից,
Սիրտս գլխիս
Արքա կարգած,
Եվ ուղեղս՝
Խե՜ղճ հպատակ,
Մտորում եմ՝
Հիմա այսպես
Լվանում ես
Իմ ափերից
Խենթ սպասումի
Մամո՞ւռը սին,
Թե մեղսոտում
Քո կարոտից
Կնճռոտվա՜ծ
Ու ծերացա՜ծ
Ափերը իմ…
Դու եկել ես,
Կանգնել շեմքիս…
Ես չգիտեմ՝
Ինչպես վարվել…
Ն. Ավագյան
19.11.14
Անվանիր ինձ
Բրուտագո՜րծ,
Քանդակագո՜րծ,
Կամ ոսկերի՜չ…
Կամքը քոնն է…
Ափերիս մեջ
Նո՜ւրբ շախաղած
Այս զանգվածից
Երգ եմ հյուսում:
Երգս՝ ձո՜ն է,
Եվ այն քոնն է…
Քանդակել եմ բառերը իմ,
Եվ գումարել անհու՜ն սերս,
Համեմել եմ նրանց
Խոսու՜ն իմ լռությամբ,
Այսօր տո՜ն է…
Իմ արվեստի
Փառատոնն է…
Ձուլում եմ ես
Փայտից՝հոգի,
Ու կավից՝ երգ,
Խմորից էլ
Սիրտ եմ հունցում:
Իմ անհանգիստ
Օրերի մեջ
Սիրտն այդ
Ինչպե՜ս է տրոփում…
Կավե երգս,
Փայտե հոգիս,
Եվ խմորված սիրտս՝ ահա,
Այս ամենը
Այսօր քոնն է …
Այսօր սիրո
Փառատոնն է…
Եվ ինչպես էլ
Ինձ անվանես՝
Լու՜ռ կընդունեմ…
Կամքը քոնն է…
Ն. Ավագյան
15.11.14
Էքսպրոմտ
Չեմ մոռացել քեզ…
Հիշում եմ դեռ…
Զգում եմ, ինչպես մատնեմատը
Իր պարանոցին մատանին է զգում,
Կամ ոտնաթաթը՝ հաստ, բրդյա գուլպան
Սառույցի վրա…
Զգում եմ,ինչպես
Ցրտից կուչ եկած բաց պատուհանը՝
Տաք վարագույրը,
Եվ գիշերային աստղոտ երկինքը՝
Լուսնի համբույրը:
Ես զգում եմ քեզ,ինչպես աչքերը
Վերստին գտած լույսի ցոլքն են զգում,
(ես աչքերով եմ հոգիդ շոշափում՝
պիրկ հայացքիս տակ…)
Սպասում եմ քեզ,
Ինչպես քառատրոփ վարգելուց հետո
Նժույգն է սպասում առվի ֆշշոցին:
Կարոտում եմ քեզ,
Ինչպես ծաղիկն է կարոտում ջուրը,
Ձմեռվա բքին սառած մատներն են կարոտով տենչում
Փոքրիկ խարույկի սպասված ալհուրը:
Շնչում եմ քեզ,
Ինչպես հեղգ օդը՝ անձրևից հետո
Թաց հողի բույրը:
***
Քեզ չեմ մոռացել…
Դեռ տեսնում եմ,
Զգում եմ,
Շնչում եմ,
Կամ…
Ն. Ավագյան
19.10.14
Արի այսօր հարբենք մի քի՜չ…
Արի այսօր հարբենք մի քիչ, հարբենք սիրուց,
Մեր երազը ըմպենք կու՜մ-կում, հարբենք գինուց,
Թող մեղեդին այնքա՜ն ծանոթ, այնքա՜ն դյութիչ
Նոր թափ առնի, նոր երանգով այսօր հնչի:
Հենց գինովնանք՝
Արի միմյանց համար երգենք, քի՜չ կարկաչենք,
Մեր գետերը եկ պարզջրենք,
Անտառածածկ սարալանջին թիկն տված՝
Ծիրանեփայլ արշալույսը տաքու՜կ գրկենք ու անրջենք:
Իսկ երբ գիշերն իր թևերը մեր ուսերին փռի նորից,
Արի կռթնենք ա՜յն բազրիքին մեզ շատ ծանոթ,
Կամ դուրս նայենք պատուհանից:
Կարևոր չէ, թե ինչ կանենք,
Միայն գլուխ-գլխի տված…
Թե դու մրսես՝ ես փայփայեմ,
Քո ցուրտն առնեմ իմ թևերին, հեռու՜ տանեմ:
Թե ես դողամ հանկարծ վախից,
Կուչ գամ հզո՜ր բազուկներիդ հովանու տակ…
Եվ թող հարբի մեզ հետ նաև
Պատուհանիդ տակին աճած
Տխրաթախի՜ծ այն մորենին…
Նա էլ մեզ պես թող մե՜ղմ ճոճվի
Սիրող քամու լայնբա՜ց թևին:
Աստղածորան երկինքն էլ լուրթ
Թող արբենա լուսնի լույսից,
Թող սեր անի այգում այն մութ,
Համբույր քաղի նրա ուսից
(նա էլ մեկ-մեկ խենթանալու կարիք ունի):
Թող բնության երգը կապույտ
Հոգեթովի՜չ երազ հյուսի,
Եվ չորացած կաղնին այն մեծ
Տարանջատված գետափերը թող կամրջի:
Արի այսօր լինենք մոտիկ, գրկենք իրար,
Թույլ տանք նորից խենթ արարքներ՝ հնարավոր և անհնար:
Արի բացենք սրտերը մեր, անկեղծանանք,
Տրվենք կյանքի վարար գետի ալիքներին,
Ըմբոստանա՜նք,
Քիչ խենթանա՜նք…
Թե անձրև տեղա հանկարծ, արի դուրս գանք ու թրջվենք,
Նրա ցասումն ու զայրույթը անզուգական
Մեր սեփական մաշկի վրա զգանք, վայելենք…
Արի այսօր հարբենք մի քիչ
Մեր անխնա միմյանց գրկող հայացքներից,
Արի լռենք և ակնդետ նայենք իրար,
Չասենք ոչի՜նչ…
Թաց մայթերով, ոտաբոբիկ եկ թափառենք,
Մեզ հանդիպած անծանոթին ջե՜րմ բարևենք:
Արի սիրենք, արի գթանք,
Հատենք բոլոր սահմանները թույլ տրվածի,
Եկ պարզապես երջանկանանք…
Արի այսօր հարբենք լացից,
Մի թաս գինուց, մի բուռ թախծից,
Վշտից, տենդից, սիրո բացից,
Եվ թթվածնի ժլատ քաղցից արի հարբենք…
Գետնից կտրենք ոտքերը մեր,
Բազուկները դառնան թևեր,
Թռչենք օդում սիրակարոտ…
Չէ՞ որ արդեն քանի՜ տարի
Կաղապարված ապրում ենք լոկ՝
Անթև, անոտ…
Թող գեթ այսօր հարբենք սիրուց,
Հարբենք, ինչպես չենք արբեցել վաղու՜ց, վաղու՜ց…
Ն. Ավագյան
12.10.14
Իմ կես-ը
Երկնքի պես ջինջ, արևի պես ջերմ,
Սիրում է նրան իմ ես-ը,
Ախտագին ու խենթ բանաստեղծի պես
Տաղեր է հյուսում իմ ես-ը:
Սպասում է լռի՜ն, սպասում անհամբեր,
Կարոտում է իմ խոնարհ ես-ը,
Եվ տարապարփակ, անա՜նց լռությամբ
Հիշում է նրան իմ ես-ը:
Հանկարծ հայտնվել, խանդից մոլեգնած,
Վարարում է իմ խենթ կես-ը,
Բազմոցին նստել, սուրճի փոխարեն
Հոգիս է խմում իմ կես-ը:
Ա՜խր,ի՞նչ արած, այդպես է լինում,
Երբ իմ այս անխելք ես-ը
Իր ես-ից բարձր է դասում իր կես-ին,
Սիրում է…Ա՜խ, իմ այդ կես-ը…
Ն. Ավագյան
12.10.14