Ես դարերի քողը թեկուզ կրեմ ուսիս,
Իմ աչքերից հիմա պիտի պատռեմ, ահա՜,
Խարանվածի նման որքան դեռ պիտ տանջվեմ
Հողն իմ ունենալուս, չունենալուս համար:
Ես պիտ քայլեմ հեռո՜ւ՝երեք գույնի կանչով,
Ուր էլ գնամ կյանքում, ապրեմ պիտի այստեղ,
Արյուն թափեմ թեկուզ, պիտ փայփայեմ ամուր
Երկնից կապույտ պատառ, պիտի տնկեմ հասկե՜ր:
Իմ պատմության քողը ուսիս պիտի մնա,
Այն գամված է ներսիս՝անհու՜յս ցավի նման,
Աչքս պիտի պարզեմ, պիտի նայեմ հեռու՜ն,
Եվ այսուհետ պիտի փառաբանեմ միայն՝
Դու շենացիր երկի՜ր, ծանր լուծդ գրկած՝
Հերիք կքվես ցավից, հերիք ճկվես, հերի՜ք,
Արմատներդ ձգիր՝ որդոց արյամբ ջրված,
Ծե՜ր մանուկի նման հերիք տանջվես, հերի՜ք:
Զարկ տուր ահագնացող ահ ու վտանգներին,
Հոգուս ընկեր դարձիր, հույս տուր, հող իմ, ասա՜,
Թեկուզ ինչ էլ լինի, չեն ապրի քո գրկում
Օտար ազգի որդիք, մի թող նրանք անսան:
Ես դարերի քողը թեկուզ կրեմ ուսիս,
Իմ աչքերից հիմա պիտի պատռեմ, ահա՜,
Արյուն թափեմ թեկուզ երկնի կապույտն առած՝
Պիտի տնկեմ հասկե՜ր մի բուռ հողիս վրա:
Ն Ավագյան